211652_close_icon

«Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակներ հանձնեց առաջատար համալսարաններ ընդունված երիտասարդներին

views-count1309 դիտում article-date 15:45 30-08-2019
Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում կայացավ աշխարհի առաջատար համալսարաններ ընդունված ավելի քան 54 երիտասարդներին «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակների շնորհման հավաստագրերի հանձնման արարողությունը: Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/986383.html]Արմենպրես[/url]»-ը, միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը և հիմնադրամի կրթաթոշակառուները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ ուսանողները հնարավորություն ունեն բացել մի նոր էջ իրենց կյանքում, որտեղ ստանալու են նոր գիտելիքներ և հմտություններ, որոնք օգտագործելու են ամբողջ կյանքում: «Լավ է, որ կան նման հիմնադրամներ, որոնք աջակցում են առաջին հերթին մեր երիտասարդներին և երկրորդ հերթին պետությանը, որովհետև բարեփոխումների այս փուլում հիմնականում մեզ անհրաժեշտ են այնպիսի մասնագետներ, որոնք կունենան ստեղծագործելու, վերլուծելու հմտություններ, կունենան նոր գիտելիք և նորարարության ոլորտում հաջողություններ: Սա կարևոր է Հայաստանի Հանրապետության համար: Պետությունը, իր հերթին, որոշակի ջանքեր գործադրում է, բայց մեր գործընկերները նույնպես օգնում են այս ճանապարհին»,- ասաց Հարությունյանը: Ըստ նախարարի` հետագայում կքննարկվի ծրագիրը ավելի ընդլայնելու հնարավորությունը: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի խոսքով` նա հպարտ է աշխարհի առաջատար բուհեր ընդունված երիտասարդներով: Աննա Հակոբյանը հիշեցրեց, թե ինչպես «Իմ քայլը» հիմնադրամը ներգրավվեց այս գործում: «Հեղափոխությունից հետո «Լույս» հիմնադրամը, որը կրթաթոշակներ էր տրամադրում աշխարհի տարբեր բուհեր ընդունված հայ ուսանողներին, կասեցրեց գործունեությունը: «Իմ քայլը» հիմնադրամը ստեղծվեց այդ բացը լրացնելու համար: Անցյալ տարի շատ արագ և ճգնաժամային իրավիճակում կարողացանք ընդունված ուսանողներին ապահովել կրթաթոշակով»,- ընդգծեց Հակոբյանը: Վարչապետի տիկինն ասաց, որ պետությունը սպասում է բոլոր ոլորտներում սովորող ուսանողների վերադարձին հայրենիք այն հույսով, որ իրենց գիտելիքները կօգտագործեն՝ զարգացնելու Հայաստանի Հանրապետությունը:

Նմանատիպ նյութեր