211652_close_icon
views-count1498 դիտում article-date 19:46 12-09-2020

«Արդար Հայաստան» հանրային նախաձեռնությունը հայտարարություն է տարածել հանրակրթական առարկայական չափորոշիչների ու ծրագրերի նախագծերի մասին

«Արդար Հայաստան» հանրային նախաձեռնության հայտարարությունը հանրակրթական առարկայական չափորոշիչների ու ծրագրերի նախագծերի մասին. ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հրապարակված հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծերը հարուցել են հասարակական ու մասնագիտական տարբեր շրջանակների վրդովմունքը։ Հատկապես քննադատության թիրախում են հայտնվել «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը» դասընթացների չափորոշիչները։ Մատուցվող չափորոշիչները փորձ է արվում ներկայացնել որպես կրթական բարեփոխումներ։ «ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» հանրային նախաձեռնության համոզմամբ կրթության ոլորտի բարեփոխումների նպատակը պետք է լինի ուսուցման, դասավանդման և ուսումնառության ավանդական մեթոդներից կարողունակությունների կամ ինչպես ասում են՝ կոմպետենցիաների վրա հիմնված կրթության համակարգին անցնելը, ինչը ենթադրում է նաև կրթական ծրագրերի, դասագրքերի, ուսումնաօժանդակ ձեռնարկների, ծրագրերի, չափորոշիչների բովանդակության, կառուցվածքի համապատասխանեցում կարողունակությունների/վերջնարդյունքների վրա կառուցվող կրթության համակարգին: Տասնամյակներ շարունակ կրթության համակարգը կառուցվել է գիտելիքահենք, ուսուցչակենտրոն և գծային սկզբունքների/մոդելների/մեթոդաբանության հիման վրա։ Կարողունակությունների կամ կոմպետենտությունների վրա հիմնված կրթությունը նպաստում, խթանում է ժամանակակից աշխատաշուկայում մրցունակություն ապահովող հմտությունների զարգացմանը, ապահովում է ոչ միայն գիտելիքների հաղորդումը, այլ նաև սովորողների քննադատական մտածողության, ստեղծարարության, համագործակցայնության և նախաձեռնողականության ձևավորումը: Շատ կարևոր է, որպեսզի ուսումնասիրվեն, թե ուսուցման ու դաստիարակության ի՞նչ մեթոդներով, ձևերով, մեթոդիկաներով են աշխատում ուսուցիչները, մանկավարժ-մասնագետները, արդյո՞ք կարող են դրանցով լուծել կրթության համակարգի առջև դրված խնդիրները, ապահովել վերջնարդյունքների ձևավորումը: Ուսուցման գործընթացում գերակայությունը պետք է տալ փոխներգործուն մեթոդներին, որոնք հնարավորություն կտան զարգացնելու աշակերտների ինքնուրույնությունը, մտածողությունը, ստեղծագործականությունը, ապահովելու նրանց անձնային աճը: Հարկ է նկատել, որ կենտրոնանալով առանձին առարկայական չափորոշիչների ու ծրագրերի բովանդակության վրա, անտեսվել են մի շարք լրջագույն ընդհանրական՝ դիդակտիկական, մեթոդական բացթողումներ: Մասնավորապես. 1. Առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը միասնական ձևաչափով կառուցելու կարիք ունեն և ներքոնշյալ բացթողումներից շատերը կարող են այդ դեպքում շտկվել: 2. Տեքստերը կարիք ունեն ամբողջական խմբագրման և՛ շարադրանքի, և՛մասնագիտական տեսանկյունից, օգտագործված են մի շարք ոչ հայերեն հասկացություններ, նույնիսկ մասնագիտական եզրույթներ կան, որոնք սխալ են օգտագործված և թարգմանված: 3. Գրեթե բոլոր առարկաների դեպքում լուրջ շփոթ կա «նպատակ», «վերջնարդյունք», «խնդիր» ձևակերպումներում, ամբողջությամբ պետք է վերանայել, քանի որ այս տեսքով կասկածի տակ է դրվում կրթության որակի չափելիության հնարավորությունը: 4. Տեքստերն անիմաստ ծանրաբեռնված են կրկնություններով, գրեթե նույն ձևակերպումներ պարունակող մտքերով: 5. «Ուսումնական գործունեության տեսակը» սյունակներում առկա է խառնաշփոթ, այսինքն՝ նշված են և՛ ուսուցման մեթոդներ, և՛ ուսուցման ձևեր, և՛ խնդիրներ, դասագործընթացի նկարագրություն: Նույն սխալն առկա է նաև ծրագրերի նկարագրական մասում: Օրինակ՝ «Ես և շրջակա միջավայրը» առարկայի էջ 8-ում նշվում է «Մասնավորապես՝ առարկայի դասավանդման համար անհրաժեշտ է կիրառել գործունեության բազմազան ձևեր, որոնք են…» ու ներկայացվում են և՛ ուսուցման մեթոդներ, և՛ ձևեր, և՛ վերջնարդյունքներ, և՛ ամեն ինչ: Պարզապես խառնաշփոթ է: 6. Ուշադրություն պետք է դարձնել ոչ միավորային գանահատման չափանիշներին, սկզբունքներին: Օրինակ՝ «Ես և շրջակա միջավայրը» առարկայի էջ 14-15-ում ներկայացված գնահատման սկզբունքներն ու չափնիշները շատ վերացական են, չափելի չեն: 7. Բոլոր առարկաների ծրագրերում յուրաքանչյուր թեմայի համար պետք է հստակեցվեն մեթոդները, այնինչ, օրինակ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություններ», «Ես և իմ հայրենիքը» առարկաների ծրագրերում մեթոդներ ընդհանրապես չկան նշված: Սա բավականին լուրջ բացթողում է, քանի որ նպատակի ձեռքբերումը ուսուցման գործընթացում որակի գնահատումը ենթադրում է ուսուցման նպատակահարմար մեթոդների ընտրություն: 8. Կարիք կա վերանայել առարկայական ծրագրերում թեմաների ձևակերպումները: 9. Ծրագրերի նկարագրական մասում նշվում են ուսուցման սկզբունքներ, օրինակ՝ հաջորդականության, սակայն թեմաների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ սկզբունքը չի պահպանվում շատ դեպքերում, ինչպես նաև այլ սկզբունքներ: Այս համատեքստում՝ համեմատական և համադրական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գործ ունենք ոչ թե բարեփոխումների, այլ նորամուծությունների հետ: Պետք է արձանագրել, որ նախագծերի հեղինակներին չի հաջողվել ներկայացնել այնպիսի անխոցելի չափորոշիչներ և ծրագրեր, ինչը կբացառեր դրանց նկատմամբ այսպիսի բացասական ընկալումն արձագանքը, միաժամանակ չի հաջողվել նաև համոզիչ կերպով ներկայացնել իրենց դիրքորոշումները: Մեր խորին համոզմամբ, առանց ազգային ինքնության պահպանման, հավատքի ու մշակույթի, կրթագիտական համակարգում աշխարհաքաղաքացիության /կոսմոպոլիտիզմ/ տանող քաղաքականությունը չարդարացված խաղադրույք է վաղվա սերնդի ապագայի նկատմամբ՝ դրա ամբողջական հետևանքներով հանդերձ: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ՛՛Արդար Հայաստան՛՛ հանրային նախաձեռնությունը հորդորում է ՀՀ կառավարությանն առկախել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի հաստատումը, վերանայել այն հիմնովին, հաշվի առնել ինչպես ներկայացված մտահոգությունները, այնպես էլ հանրության տարբեր շրջանակների կողմից ներկայացված առաջարկությունները, նոր միայն քննության առնել դրանց հաստատման հնարավորության հարցը: [b] «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնություն 12.09.2020թ.[/b]

Նմանատիպ նյութեր