72502 դիտում
18:37 23-08-2020
Արտակարգ իրավիճակ Դավիթաշենում. խմելու ջուրը մի քանի ամիս է, հեղեղի նման հոսում և լցվում է մարդկանց տները, իսկ «Վեոլիա Ջուրը» խնդիրը լուծելու փոխարեն պատրաստվում է վարձավճարները բարձրացնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն 2020 թվականի օգոստոսի 7-ին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման հայտ է ներկայացրել:
Այսօր՝ օգոստոսի 23-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում, Դավիթաշեն վարչական շրջանի 10-րդ փողոցի բնակիչներն ասում էին. «Չգիտենք, էս մեր փողոցին ինչ անուն տանք. Քուռ գետ, Քուռ գետի ափ, Վենետիկ, թե Արփաչայ ու Հրազդան: Դրա պատասխանը կարող է տալ միայն «Վեոլիա Ջուրը»:
Քանի ամիս է, խմելու ջուրը անխնա, մոտ 2 կմ ճանապարհով հոսում է: Բազմիցս ահազանգել ենք նշված ընկերություն, բայց միևնույն է, ասես ջայլամի քաղաքականություն վարեն: Չեն հետաքրքրվում ու չեն անհանգստանում ջրի կորստի համար:
Լսել ենք, որ «Վեոլիա Ջուրը» ուզում է խմելու ջրի սակագինը բարձրացնել: Բա հիմա չասե՞ս, տո այ տնաքանդներ, էս չորս ամիս է, էս ջուրը անխնա հոսում է, մեռանք զանգելով, ասես ուղտի ականջում քնած լինեք: Հիմա այս ջրի հսկայական կորստի համար ո՞վ է պատասխան տալու: Մենք էլ կարանք կասկածենք, որ սպառողների վզին եք փաթաթելու: Բա դուք խիղճ ու նամուս չունե՞ք, աստծո տված բարիքը էսպես կորում է, իսկ դուք քար անտարբերություն եք ցուցաբերում:
Ինչքան ժամանակ է, էս ջուրը լցվում է բնակիչների տներն ու այգիները: Ո՞վ է փոխհատուցելու բնակիչներիս կրած վնասները: Երևի դրա պատասխանն էլ չունեք: Գոնե այսքանից հետո մարդ եղեք ու խնդիրը լուծեք: Մեր հեռախոսազանգերին մի քանի անգամ օպերատիվորեն արձագանքել է միայն 911-ը, բայց դե նրանք այստեղ անելիք չունեն, դրա նրանց պարտականությունների մեջ չի մտնում, բայց մարդիկ՝ հավատարիմ մնալով փրկարարի վեհ կոչմանը, անհրաժեշտության դեպքում եկել են և ինչով կարողացել, օգնել են:
Դավիթաշենի թաղապետարանից էլ են 1-2 անգամ եկել: Բայց միևնույն է, նրանք էլ չեն կարողացել խնդիրը լուծել: Ջուրը այնքան վարար է հոսում, որ վրայով անցնել չես կարողանում, ամբողջովին թրջվում ես: «Վեոլիա Ջուրը» լավ կանի, սրտաճմլիկ ու ամպագոռգոռ հայտարարություններ տարածելու փոխարեն զբաղվի բուն գործով: Հակառակ դեպքում կարող ենք մտածել, որ «Վեոլիա Ջրում» աշխատող չինովնիկները սրտացավության և հոգատարության մասին գաղափար անգամ չունեն»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 83+
83+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1843 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)