211652_close_icon
views-count1265 դիտում article-date 16:22 12-08-2020

Շիրակի մարզում Երիտասարդների միջազգային օրը կառանձնանա հետաքրքիր անակնկալներով

Գյումրիում այսօր 6-րդ անգամ կնշվի Երիտասարդների միջազգային տոնը։ Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/1024744.html]Արմենպրեսը[/url]», նախկին նման, այս տարի ևս, միջոցառումներն անցկացվում են «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից։ Համավարակով պայմանավորված՝ այս տարի տոնի շրջանակներում նախատեսված միջոցառումները կտարբերվեն նախորդներից: Ճիշտ է, չեն լինի արդեն ավանդույթ դարձած քայլարշավներն ու համերգները, սակայն անակնկալները երիտասարդների սրտով կլինեն: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացնում է «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Նաջարյանը, միջոցառումները ծրագրվել են երիտասարդների շրջանում նախապես անցկացված հարցման արդյունքում: «Կրթական և տեղեկատվական միջոցառումներից բացի՝ այս տարի նախատեսվում էր մեծ տոնական համերգ՝ Գյումրու կենտրոնական հրապարակում, բայց, կորոնավիրուսով պատճառով որոշակի փոփոխություններ տեղի ունեցան, և շատ միջոցառումներ տեղափոխվեցին առցանց հարթակ»,- նշեց Արթուր Նաջարյանը: Օրվա խորհրդով պայմանավորված՝ դեռ օգոստոսի 1-ից մեկնարկել է Գյումրի քաղաքի կենտրոնական հատվածներում հասարակության մեջ երիտասարդների դերի և նշանակության բարձրացմանն ուղղված ցուցապաստառների արշավը՝ հետևյալ կարգախոսներով. «Առողջ և բարեկեցիկ երիտասարդ», «Ակտիվ և նախաձեռնող երիտասարդ», «Հմուտ և մրցունակ երիտասարդ», «Իրազեկ և իրավագիտակից երիտասարդ», «Ստեղծարար և նորարար երիտասարդ»: Երիտասարդների համար հայտարարվել է նաև «Իմ ինքնատիպ ուղերձը երիտասարդներին» խորագրով տեսանյութերի առցանց մրցույթը: Հաղթող տեսանյութի հեղինակը կպարգևատրվի յուրօրինակ մրցանակով՝ թռիչք պարապլանով: Օգոստոսի 12-ին Երիտասարդների միջազգային օրվան նվիրված շնորհավորական պարային տեսահոլովակը ևս կտարածվի առցանց հարթակում: Ամենակարևոր միջոցառումներից նախաձեռնողներն առանձնացնում են երիտասարդների վճարովի աշխատանքային պրակտիկայի հնարավորությունը: Այս ծրագրի շնորհիվ 21-30 տարեկան թվով 10 շիրակցի երիտասարդներ տարբեր գործատուների մոտ վճարովի աշխատանքային պրակտիկա անցնելու հնարավորություն կունենան: Այդ երիտասարդները, որոնք 2018-2020 թթ. բուհերի շրջանավարտներ են, կարող են վեց ամիս շարունակ աշխատել իրենց նախընտրած մասնագիտությամբ, ձեռք բերել աշխատանքային փորձ և ստանալ վճար իրենց պրակտիկայի ընթացքում: «Համագործակցելով Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի հետ՝ ընտրել ենք 15 գործատուների։ Գործատուներից շատերը, որոնց հետ համագործակցելու ենք, իրականում ունեն այդ հաստիքի բացը՝ թափուր աշխատատեղը։ Սա երկու կողմերի համար հիանալի հնարավորություն է․գործատուն վեց ամիս շարունակ կկարողանա տեսնել աշխատանքի մեջ պրակտիկանտին, պատրաստել այնպիսի աշխատող, ինչպիսին կուզենար ունենալ, և հնարավորության դեպքում կպահի աշխատանքի, իսկ պրակտիկանտը հնարավորություն կունենա գործնական հմտություններ ձեռք բերել, հմտանալ իր մասնագիտության մեջ և վճարվել պրակտիկայի ողջ ընթացքում»,- նշեց Արթուր Նաջարյանը։

Նմանատիպ նյութեր