Նիդեռլանդների և Բելգիայի Թագավորություններում բնակվող մեր հայրենակիցները հերթական նվիրատվությունը կատարեցին Տավուշի մարզում հրետակոծության հետևանքով տուժած բնակչությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վրա թշնամու կողմից իրականացրած հրետակոծությունները հայության համախմբման և մեր հայրենակիցներին օգնության հասնելու կարևոր ազդակներ դարձան։
Նիդեռլանդների և Բելգիայի Թագավորություններում բնակվող մեր հայրենակիցները Ջուլիա Զախարյանի, Հովսեփ Մադոյանի, Գոհար Սուքիասյանի, Էդգար Մինասյանի, Սվետա Սուքիասյանի, բռնցքամարտիկ Եղիշ Ենգոյանի և այլ նվիրյալ մարդկանց նախաձեռնությամբ հասարակական գործիչ Մամիկոն Խուրշուդյանի միջոցով Տավուշի մարզպետարանին փոխանցեցին շուրջ 2 000 000 դրամի փայտ և թիթեղներ՝ Չինարի և Այգեպար գյուղերի վնասված տների տանիքները հիմնանորոգելու համար։
Շինանյութի ձեռքբերման հարցում աջակցություն են ցուցաբերել նաև Եղիազար Եղիազարյանը և Սթիլ կոնցեռնը։
Մամիկոն Խուրշուդյանի խոսքով այս համագործակցությունը կրում է շարունակական բնույթ և Տավուշի մարզպետի օգնական Մերուժան Հարությունյանի հետ քննարկում են ոռոգման ջրի համար նախատեսված խողովակների ձեռքբերման հարցը, որը կրկին շատ շուտով կդառնա իրականություն։