Լեգենդար Իկեր Կասիլյասը հայտարարեց կարիերան ավարտելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ռեալի» և «Պորտուի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարեց մարզական կարիերան ավարտելու մասին:
«Կարևորն այն ճանապարհն է, որն անցել ես, և մարդիկ, որոնք քեզ շրջապատել են, այլ ոչ թե արդյունքը, որին հասել ես, քանի որ ճանապարհը ուղեկցվում է աշխատանքով:
Կարող եմ ասել, անկասկած, որ իմ կարիերայի մասին կարելի էր միայն երազել», գրել է Կասիլյասը:
39-ամյա լեգենդար դարպասապահը Մադրիդի «Ռեալի» սան է: Թիմի կազմում նա անցկացրել է 510 հանդիպումը և լքել ակումբը 2015 թվականին:
Կասիլյասը 5 անգամ «Ռեալի» կազմում դարձել է Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել է երկրի Գավաթը, 4 անգամ՝ Սուպերգավաթը: 3 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգան:
Իսպանիայի հավաքականի կազմում Կասիլյասը 2010 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն և 2 անգամ՝ Եվրոպայի չեմպիոն (2008, 2012):
Հիշեցնենք, որ 2019 թվականին Կասիլյասը «Պորտուի» մարզման ժամանակ ինֆարկտ էր ստացել: