211652_close_icon
views-count4155 դիտում article-date 18:35 21-07-2020

Աննա Հակոբյանն այցելել է Տավուշի մարզի սահմանապահ գյուղեր՝ բնակիչներին քաջալերելու

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Տավուշի մարզի սահմանապահ Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղեր և Բերդ քաղաք՝ տեղաբնակներին աջակցելու նպատակով: Այս մասին Աննա Հակոբյանը տեղեկացրել է Ֆեյսբուքի իր էջում զետեղված գրառմամբ: «Այցիս նպատակն է՝ քաջալերել սահմանամերձ համայնքներում ապրող մեր հայրենակիցներին, ցույց տալ, որ մենք նրանց հետ ենք ոչ միայն մտքով, այլև՝ ֆիզիկապես։ Այս գրառման հետ և հետագայում հրապարակվող լուսանկարներին կից կներկայացնեմ այն մարդկանց, ում տանը հյուրընկալվել եմ, ում հետ հասցրել եմ շփվել»,-շեշտել է վարչապետի տիկինն ու հավելել, որ պետք է դեմքով ճանաչել հերոս զինվորների թիկունքն ամուր պահող հերոս ընտանիքներին ու նրանց անդամներին՝ երեխաներից մինչև տատիկներ ու պապիկներ, հղի հարսներ, զինծառայող հայրիկներ և հոգսաշատ, բայց գեղեցիկ ու ժպտերես մայրիկներ։ Հակոբյանն ընդգծել է՝ նրանք, թեև արկերի պայթյուններից ու կրակոցներից հոգնել են, բայց ամուր են ինչպես երբեք, տոկուն են, ավելի քան երբևէ և առավելապես հպարտ են, որ հայ են, Հայաստանի արժանապատիվ և հաղթական քաղաքացի։ Աննա Հակոբյանն այցելել է նաև Մովսես գյուղ։ Այդ մասին ևս գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում։ «Մովսեսում ավելի հանգիստ էր իրավիճակը, թերեւս այն պատճառով, որ վերջին ռմբակոծությունների հետեւանքով գյուղի տներից որեւէ մեկը չէր վնասվել։ Ճիշտ է գյուղի երեխաների մի մասը հարևան գյուղերում էին կամ Երեւանում՝ բարեկամների տներում, բայց կային նաեւ երեխաներ, որ Երեւանից էին եկել՝ ամառային արձակուրդները տատիկ-պապիկի տանն անցկացնելու եւ կրակոցների պատճառով չէին էլ հեռացել գյուղից»,- գրել է Աննա Հակոբյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր