211652_close_icon
views-count2978 դիտում article-date 14:09 21-07-2020

ՊՆ խոսնակը մանրամասներ է հայտնում վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակից

Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուսների մոտ դրական դինամիկա կա, 4 զինծառայող արդեն լավ է զգում: «[url=https://armenpress.am/arm/news/1022519.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Ամբողջ ընթացքում հայկական կողմից վիրավորում էր ստացել ընդհանուր 36 հոգի: «Նրանցից 20-ն է բուժօգնություն ստացել, մյուս 16-ը միանգամից վերադարձել են ծառայության, քանի որ շատ թեթև էին, քերծվածքատիպ վնասվածքներ էին ստացել: 20-ից 10-ն է հիմա բուժում ստանում: Մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ դրական դինամիկայով, ձգտում են արդեն բավարար վիճակի: Եվ ևս 4 զինծառայող արդեն լավ է իրեն զգում»,-ասաց Ստեփանյանն ու հույս հայտնեց, որ առաջիկայում դուրս կգրվեն: Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, ետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ: Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը,ինչպես նաև հուլիսի 20-ի լույս 21-ի գիշերը, նույնպես պահպանվել է հարաբերական անդորր։

Նմանատիպ նյութեր