211652_close_icon
views-count2473 դիտում article-date 16:38 20-07-2020

Արցախի նախագահը ներկայացրել է երկրի առողջապահության նորանշանակ նախարարին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 20-ին ԱՀ առողջապահության նախարարության աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ նախարար Արարատ Օհանջանյանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արայիկ Բաղրյանին ոլորտը տևական ժամանակ արդյունավետորեն ղեկավարելու համար և հաջողություններ մաղթել Արարատ Օհանջանյանին՝ հատկապես այս ծանր՝ համավարակային պայմաններում այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Արայիկ Հարությունյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ հանրապետությունում անվճար և որակյալ առողջապահական համակարգ ունենալը նախագահի ծրագրի առաջնային սկզբունքներից է: Սակայն, նախագահի խոսքով, բարեփոխումների ճանապարհին ոլորտում պետք է բացառել բոլոր տեսակի կոռուպցիոն երևույթները, ինչպիսիք են՝ դեղերի ու սարքավորումների ձեռքբերման, դեղատոմսերի դուրս գրման գործընթացում կաշառքի գործոնը, լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների ուղղորդված ուղեգրումը: Նախագահ Հարությունյանը հավաստել է, որ գործընթացն իրականացվելու է ԱԱԾ վերահսկողության ներքո, և ովքեր չհետևեն վերոնշյալ ցուցումներին, ենթարկվելու են խիստ պատասխանատվության: Այս ամենին զուգահեռ, նախագահի խոսքով, աշխատանքի նախապայմաններ կհանդիսանան հետևյալ ուղենշային կետերը՝ հիվանդների նկատմամբ բոլոր հանգամանքներում բարյացակամ վերաբերմունքի ցուցաբերումը, հետազոտման և բուժման միզազգային գործելակարգերի (պրոտոկոլների) պարտադիր ներդնումը, ոլորտում որոշումներ կայացնելիս կոլեգիալ սկզբունքի ապահովումը, այն հետազոտությունների ցանկի հստակեցումը, որոնք Արցախում չեն իրականացվում: Հանրապետության նախագահը նշել է նաև, որ բուժաշխատողների սոցիալական երաշխիքների ապահովումը երկրի ղեկավարության կողմից վարվող քաղաքականության գլխավոր խնդիրներից է: Այդ համատեքստում հատկանշական է ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հանգամանքը, որի առաջին փուլը նախատեսվում է սեպտեմբերին, երկրորդը՝ գալիք տարվա հունվարին:

Նմանատիպ նյութեր