211652_close_icon
views-count4276 դիտում article-date 15:00 24-03-2016

ԼՂՀ վարչապետը ներկայացրել է առողջապահության նորանշանակ նախարարին և բարձր գնահատել Հարություն Քուշկյանի ավանդը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 24-ին առողջապահության համակարգի աշխատակիցներին է ներկայացրել առողջապահության նորանշանակ նախարար Կարինե Աթայանին և նրան մաղթել հաջողություններ պատասխանատու գործում: Վարչապետն իր երախտագիտությունն է հայտնել Հարություն Քուշկյանին՝ Արցախում կատարած կարևոր աշխատանքի համար, ով, իր դիմումի համաձայն, նախագահի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Կառավարության ղեկավարը Հարություն Քուշկյանին պարգևատրել է Վարչապետի հուշամեդալով՝ Արցախին մատուցած ծառայությունների, առողջապահության զարգացման բնագավառում ունեցած ավանդի ու ակտիվ պետական-քաղաքական գործունեության համար: Ա. Հարությունյանը, դիմելով Հ. Քուշկյանին, մասնավորապես, ասել է. «Պարո՛ն Քուշկյան, իմ և մեր բնակչության շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ, Ձեր այս երկու տարվա շատ կարևոր աշխատանքի համար: Դուք հնարավորություն եք ունեցել ծառայել Արցախի առողջապահության համակարգին տասնամյակներ շարունակ, սակայն միայն այս վերջին երկու տարիներին այնքան մեծ է Ձեր ավանդը, որ ցավով ենք Ձեր որոշման հետ համակերպվել: Հարյուրավոր մարդկանց կյանք եք փրկել Ձեր գործունեությամբ՝ բազմաթիվ խնդիրների լուծումներ տալով: Արցախի ժողովուրդը մեծապես գնահատում է Ձեր նվիրումը, և Ձեր ամենամեծ պարգևը ժողովրդի սերն ու վստահությունն է, որ վայելում եք արհեստավարժության և մարդկային բարձր որակների համար: Վստահ եմ, որ Դուք համակարգից չեք հեռանալու և շարունակելու եք Ձեր ակտիվ մասնակցությունն ունենալ Արցախի առողջապահության ոլորտի զարգացման գործում»: Շնորհակալություն հայտնելով հանրապետության նախագահին և վարչապետին՝ իր փորձն ու գիտելիքներն Արցախին ծառայեցնելու հնարավորության ու վստահության համար՝ Ա. Քուշկյանը հավաստիացրել է, որ համագործակցությունն արցախյան գործընկերների հետ լինելու է շարունակական: «Ես և իմ ընտանիքը հպարտ ենք, որ հնարավորություն ենք ունեցել մասնակցելու Արցախի զարգացման գործին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել համակարգի բոլոր աշխատակիցներին այս երկու տարվա համատեղ արդյունավետ աշխատանքի համար»,- ասել է Հ. Քուշկյանը՝ միաժամանակ շնորհավորելով ու հաջողություններ մաղթելով նորանշանակ նախարարին: Համակարգի աշխատակիցների անունից շնորհակալություն հայտնելով Հ. Քուշկյանին՝ փոխնախարար Զոյա Լազարյանը նշել է, որ ասված խոսքերն ու գնահատականները չեն արտահայտում այն ամենը, ինչ իրականում արվել և զգացվել է: Շնորհավորելով նորանշանակ նախարարին՝ Զ. Լազարյանը նրան մաղթել է հաջողություններ ունեցած ներուժը համակարգին ծառայեցնելու գործում: Վարչապետ Հարությունյանը, շնորհավորելով նորանշանակ նախարար Կարինե Աթայանին, մասնավորապես, ասել է. «Տիկի՛ն Աթայան, շնորհավորում եմ Ձեզ՝ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Դուք ծանոթ եք համակարգին, և համոզված եմ, որ Ձեր մասնագիտական և կազմակերպչական հմտություններով կնպաստեք առողջապահության ոլորտի արդյունավետության բարձրացման գործին: Վստահ ենք, որ Դուք պատվով եք իրագործելու ոլորտի բարեփոխումները շարունակելու դժվարին առաքելությունը»: Արցախի Հանրապետության նորանշանակ առողջապահության նախարար Կարինե Աթայանը շնորհակալություն է հայտնել հանրապետության նախագահին և վարչապետին՝ պատասխանատու պաշտոնի ստանձնման համար և վստահեցրել, որ հավատարիմ է մնալու ոլորտում սկսված բարեփոխումները շարունակական դարձնելու գործին:

Նմանատիպ նյութեր