3107 դիտում
15:49 16-07-2020
Ադրբեջանն ի ցույց է դնում ապակառուցողական գործելաոճ. ռումինահայ պատգամավորների հայտարարությունը
Ռումինիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Վարուժան Ոսկանյանը և Ռումինիայի խորհրդարանի պատգամավորների պալատում Ռումինահայոց միությունը ներկայացնող պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը հանդես են եկել վերջին օրերին ադրբեջանական կողմի գործողությունները դատապարտող հայտարարությամբ, որը հրապարակվել է ռումինալեզու Araratonline հանդեսում։ Ադրբեջանի սադրիչ գործողություններն ուղղակիորեն հակասում են կորոնավիրուսի համավարակի պայմաններում գլոբալ հրադադար հայտարարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին և ի ցույց են դնում Ադրբեջանի ռազմատենչ և ապակառուցողական գործելաոճը։
«Հուլիսի 12-ից Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը՝ սկսելով ռազմական էսկալացիա հայ-ադրբեջանական սահմանի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ։ Այդ գործողությունների միջոցով Ադրբեջանն ագրեսիա է կիրառել ոչ թե Լեռնային Ղարաբաղի (Արցախի) դեմ, այլ հայ-ադրբեջանական միջպետական սահմանի վրա՝ հարձակվելով Հայաստանի խորքում գտնվող հայկական զինված ուժերի վրա։ Չսահմանափակվելով դրանով՝ հուլիսի 13-ից և 14-ից սկսած ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են շփման գծից հեռու գտնվող հայկական խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ Բերդ քաղաքը և հարակից գյուղերը։ Հրետանու և հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման ինտենսիվությունն, ինչպես նաև օգտագործված հետևակի քանակը կրում են աննախադեպ բնույթ: Ադրբեջանի այս սադրիչ գործողություններն ուղղակիորեն հակասում են կորոնավիրուսի համավարակի պայմաններում գլոբալ հրադադար հայտարարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին և ի ցույց են դնում Ադրբեջանի ռազմատենչ և ապակառուցողական գործելաոճը։
Հակառակ միջազգային հանրության զսպվածության կոչին՝ Թուրքիան վերստին ծայրաստիճան ագրեսիվ և կողմնակալ դիրքորոշում դրսևորեց։ Միջադեպից ժամեր անց Թուրքիայի ԱԳՆ կողմից հրապարակած հայտարարության մեջ Թուրքիան իր անվերապահ աջակցությունը հայտնեց Ադրբեջանին և Հայաստանի դեմ անհիմն մեղադրանքներ հնչեցրեց: Այս իրողությունը գալիս է փաստելու, որ Թուրքիան չի կարող որևէ դերակատարում ունենալ տարածաշրջանում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերում, նախևառաջ՝ ԵԱՀԿ բանակցությունների շրջանակներում։ Մենք, ներքոստորագրյալներս, խստիվ դատապարտում ենք Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը և Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ ոտնձգությունները, ինչպես նաև հայկական բնակավայրերի և քաղաքացիական բնակչության վրա հարձակումները»,- ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
751 դիտում
18:05 19-12-2024
Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանի հետ
1291 դիտում
17:11 19-12-2024
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, կալանքից ազատվեց․ որոշում