211652_close_icon
views-count4094 դիտում article-date 22:12 25-10-2016

Ռումինահայ լրագրողը Հայաստանի Ազգային պատկերասրահին նվիրեց ռումինահայ նկարիչ Երվանդ Նիկողոսյանի նկարը և 19-րդ դարի արծաթե գոտու ճարմանդ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարության միջնորդությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ նվիրատվության արարողություն, որին մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանը: Ռումինահայ լրագրող, թարգմանիչ Մադլեն Գարագաշյանը պատկերասրահին նվիրեց ռումինահայ նկարիչ Երվանդ Նիկողոսյանի մեկ նկար և բալկանյան ոճի 19-րդ դարի «filigrane» արծաթե գոտու ճարմանդ: Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը, շնորհակալություն հայտնելով Մադլեն Գարագաշյանին նվիրատվության համար, նշեց, որ պատկերասրահի ֆոնդը հիմնականում համալրվում է նման նվիրատվությունների շնորհիվ: «Շնորհակալ ենք ՀՀ սփյուռքի նախարարությանը, ում շնորհիվ հնարավոր եղավ կազմակերպել այս միջոցառումը: Ի վերջո հայ վարպետների ձեռքով պատրաստված բոլոր արժեքավոր նմուշների հանգրվանը Հայաստանն է և ուրախ եմ, որ տիկին Մադլենն իր նախնիներից ժառանգած այս ճարմանդը վերադարձրեց Հայրենիք», - նշեց Ա.Ծատուրյանը: ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանն ընդգծեց. «Սա լավ առիթ է, որ հայաստանցի արվեստասեր հասարակությունը ծանոթանա Երվանդ Նիկողոսյան արվեստագետի ստեղծագործությանը: Տիկին Մադլենի նվիրատվությունը պետք է օրինակ հանդիսանա Սփյուռքում ապրող մեր մյուս հայրենակիցներին, որ հայկական արվեստի արժեքավոր նմուշներն ի վերջո տեղափոխեն Հայրենիք», - ասաց Ս.Սրապիոնյանը: Սփյուռքի նախարարի տեղակալը բարձր գնահատեց նաև տիկին Մադլենի հայապահպան գործունեությունը Ռումինիայում: «Տիկին Մադլենի հեղինակած «Հայերի մեջ, հայերի մասին» հինգհատորյակը հայության խնդիրներին վերաբերող տարբեր լրատվամիջոցներում անցած տասնամյակներում նրա տպագրած բոլոր հոդվածների ժողովածուն է», - հավելեց նա: Ողջույնի և շնորհակալական խոսքով հանդես եկավ Մադլեն Գարագաշյանը: Նա նշեց. «Վերջապես երազանքս կատարվեց և Լրագրողների 8-րդ համահայկական համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում եմ: Առիթն օգտագործելով՝ ցանկացա Ազգային պատկերասրահին նվիրել Երվանդ Նիկողոսյանի նկարը և մեծ մայրիկիցս ժառանգած 19-րդ դարի գոտու ճարմանդը: Ուրախ եմ, որ իմ նախաձեռնությունն արժանացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի Ազգային պատկերասրահի ղեկավարության բարձր գնահատականին»,- նշեց նա: Տիկին Մադլենի նախաձեռնությունը կարևորեց նաև «Հայաստան-Ռումինիա բարեկամություն» ընկերության նախագահ Հակոբ Առաքելյանը: Նա տիկին Մադլենին նվիրեց Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» ինքնակենսագրական վեպը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր