211652_close_icon
views-count4847 դիտում article-date 10:21 10-07-2020

Մասնավոր ԲԿ-ների տնօրենները լռում են, բայց ակնհայտ է, որ նախաձեռնությունն իրենց սրտով չէ. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ կառավարությանը ներկայացրած օրենսդրական փաթեթը, ինչը գործադիրը երեկ է հաստատել, նախատեսում է արտակարգ դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգ ստեղծել: Ըստ այդմ, արտակարգ դրության պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր կազմակերպությունների կառավարումը, անկախ սեփականության ձևից, անցնում է առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին, այսինքն՝ առողջապահության նախարարությանը։ Բացառություն են կազմում միայն պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունները։ Բացի այդ, նախատեսվում է արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպել առողջապահության նախարարի հրամանների համաձայն, որոնք չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն: Ավելի պարզ ասած՝ արտակարգ դրության ժամանակ հանրապետությունում գործող բժշկական բոլոր հաստատությունները, բացառությամբ պաշտպանության նախարարության հոսպիտալների, ժամանակավորապես անցնում են առողջապահության նախարարությանը, և նախարարն է որոշում, թե տվյալ հիվանդանոցն ինչի պետք է ծառայի: «Իրատեսը» իմքայլական մի պատգամավորից հետաքրքրվեց. «Հիմա էլ մասնավո՞ր հիվանդանոցներին եք անցնում, նույնիսկ սեփական հիվանդանոցները չեք կարողանում կառավարել, մասնավորների կառավարու՞մն ինչպես եք հորով-մորով անելու»: «Ձեր ասածի հետ չհամաձայնել չեմ կարող, այո, իսկապես բարդ է լինելու: Թեև այժմ մասնավոր ԲԿ-ների տնօրենները լռում են, բայց ակնհայտ է, որ նախաձեռնությունն իրենց սրտով չէ: Հանուն արդարության ասեմ՝ հիվանդանոցի հանձնում-ընդունում անելն այդքան էլ հեշտ ու կարճատև գործընթաց չէ, այն մինչև մեկ ամիս կարող է ձգվել, անկողնային պարագաներից մինչև բժշկական ձեռնոց ու ներարկիչներ պետք է գույքագրել, իսկ դա խաղ ու պար չէ: Չգիտեմ՝ այս իրավիճակում ինչքանով էր ճիշտ նման որոշում կայացնելը, բայց իմ խորին համոզմամբ, հիվանդանոցի տնօրենը շատ ավելի լավ գիտի իր ղեկավարած կառույցի հնարավորությունները, քան պետության կողմից նշանակված մեկ այլ անձ: Ուղղակի պետք է կառավարչական հմտություններ բանեցնել, բանակցել, լեզու գտնել մասնավոր հիվանդանոցների ղեկավարության հետ ու այդ կերպ ԲԿ-ները ներառել համավարակի դեմ տարվող աշխատանքներում»,- նշեց մեր զրուցակիցը»: Մանրամասն կարդացեք՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր