211652_close_icon
views-count1893 դիտում article-date 20:32 08-07-2020

ԱԳ փոխնախարարը հեռախոսազրույց է ունեցել Շվեյցարիայի ԱՀԴԴ պետքարտուղարի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հուլիսի 8-ին հեռախոսազրույց է ունեցել Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Կրիստինա Մարտի Լանգի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ «Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խնդիրների շուրջ՝ հանգամանալից ներկայացնելով կառավարությունների կողմից համավարակի հաղթահարմանն ուղղված քայլերը։ Այդ համատեքստում նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը շնորհակալություն հայտնեց շվեյցարական կառավարությանը՝ Հայաստանին ցուցաբերված աջակցության համար։ Ավետ Ադոնցը և Կրիստինա Մարտի Լանգն անդրադարձ կատարեցին նաև երկկողմ օրակարգին: Կարևորվեցին Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնք համահունչ են ՀՀ կառավարության կողմից նախանշված ուղղություններին և գերակայություններին։ Կողմերն ընդգծեցին նաև միջազգային կառույցներում Հայաստանի և Շվեյցարիայի արդյունավետ համագործակցությունը՝ փոխադարձ գոհունակություն հայտնելով երկխոսության մակարդակի վերաբերյալ։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր