211652_close_icon
views-count2889 դիտում article-date 16:30 01-07-2020

Դատախազության աշխատանքի որակից է կախված ժողովրդից թալանվածը վերադարձնելու քաղաքական խոստման իրագործումը. Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա եւ Դատախազության կազմավորման 102-րդ տարեդարձի առթիվ, որում ասվում է. «Դատախազության համակարգի հարգելի՛ աշխատողներ, Շնորհավորում եմ ձեզ Դատախազության աշխատողի օրվա եւ Դատախազության կազմավորման 102-րդ տարեդարձի առթիվ: Այսօր մեր հանրության, ժողովրդի ակնկալիքները Դատախազությունից մեծ են, քան երբեւէ: Ժողովուրդը՝ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ արտահայտել է իր հստակ կամքը՝ ունենալ Հայաստան, որտեղ հաստատված է օրենքի գերակայություն, անշեղորեն գործում է կատարված հանցանքի համար պատժի անխուսափելիության սկզբունքը, որտեղ հանցավոր աշխարհի, չարաշահումների, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար է ծավալվում: Եվ այս ուղղություններով ժողովրդի օրինական ակնկալիքի կատարումը մեծապես կախված է դատախազության աշխատանքից: Ընթացիկ շրջանն իսկապես լրջագույն փորձաքար է դատախազության համար, որովհետեւ հենց դատախազության համակարգի աշխատողները պիտի շատ դեպքերում հանրությանը, ժողովրդին հայտնի ճշմարտությունները ձեւակերպեն որպես մեղադրանք եւ դրանք պաշտպանեն դատարանում: Այս աշխատանքի որակից ու մակարդակից է կախված, թե որքանով մեր ժողովրդի գիտակցության մեջ կամրագրվի հավատը առ այն, որ Հայաստանում հնարավոր է անառարկելի օրինականության, ժողովրդավարական կարգուկանոնի, արդարության հաստատում: Դատախազության աշխատանքի որակից է կախված քաղաքական մեծամասնության կողմից բարձրաձայնված եւ ժողովրդի հավանությանը արժանացած՝ ժողովրդից թալանվածը ժողովրդին վերադարձնելու քաղաքական խոստման իրագործումը: Առաջիկայում դատախազությունը կստանձնի եւս մեկ՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթ, եւ օրենսդրական այս նորամուծությունն էլ ավելի է մեծացնելու հանրության սպասումները դատախազության գործունեության արդյունքներից: Դատախազության համակարգի հարգելի՛ աշխատողներ, Ձեր աշխատանքն ունի բազմաթիվ բարդություններ: Հանրահայտ ճշմարտությունները երբեմն դժվար է ձեւակերպել իրավական լեզվով: Բայց հենց այստեղ է դատախազության աշխատողի, դատախազի տաղանդն ու պրոֆեսիոնալիզմը: Այստեղ է դատախազի առաքելությունը. իրավական լեզուն եւ ասելիքը պետք է իրականության, ճշմարտության ճշգրիտ արտահայտությունը դառնան, իրավաբանությունը պետք է լինի ճշմարտության պաշտպանը: Սա է դատախազության առաքելությունը: Առանց այս առաքելության չկա դատախազություն, եւ բոլորիդ հաջողություն եմ մաղթում այս առաքելության իրագործման ճանապարհին: Մաղթում եմ այդ ճանապարհը մինչեւ վերջ գնալու կարողություն եւ վճռականություն: Եվ, իհարկե, առողջություն, երջանկություն ու համբերություն բոլորիդ ընտանիքներին:

Նմանատիպ նյութեր