211652_close_icon
views-count4069 դիտում article-date 13:53 18-06-2020

Գյուղում բնակվող վարձու աշխատողի երեխայի նպաստը կլինի կրկնակի՝ 53 հազար դրամ

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Պետական նպաստների մասին» օրենքի փոփոխություններին, որը վերաբերում է երեխայի նպաստներին գյուղական բնակավայրերում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ այս փոփոխության նպատակն է իրավական հիմքեր ստեղծել արդեն իսկ հայտարարված ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերի համար: «Մասնավորապես առաջարկվում է գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստը նշանակել և վճարել անկախ նրանից՝ ծնողը վարձու աշխատող է, թե չի աշխատում: Սա նշանակում է, որ եթե համարվի վարձու աշխատող և միաժամանակ բնակվի գյուղական համայնքում, ապա նրան կվճարվի երկու նպաստ, այսինքն նպաստի չափը երկուսի դեպքում կկազմի 53 հազար դրամ: Խնամքի նպաստի իրավունք ունեն երեխայի ՀՀ-ի բնակչության ռեգիստրում երեխայի հետ գյուղական բնակավայրում հաշվառված և փաստացի բնակվող ծնողը մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը: Նախագծով առաջարկվում է բարելավել նաև վարձու աշխատողի խնամքի նպաստի իրացման պայմանները: Մասնավորապես, առաջարկվում է խնամքի նպաստի համար դիմելու ժամկետը 6 ամսից սահմանել 12 ամիս: Սահմանել, որ խնամքի նպաստի չվճարված գումարը վճարվում է ամբողջ ժամանակահատվածի համար: Նաև վերացվում է նպաստ նշանակելու համար ծնողի ՀՀ-ում գտնվելու պահանջը: Պարզեցվում է նորածին երեխայի նպաստ տալու գործընթացը. Նոր ծնված երեխայի դեպքում հանվել է օտար պետությունում երեխայի ծնված լինելու դեպքում այդ պետությունում նպաստ նշանակած լինելու վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու պահանջը»: Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այս որոշումից հետո գյուղական բնակավայրերում խնամքի նպաստ կստանան նաև չաշխատող ծնողները, իսկ աշխատող ծնողները կստանան կրկնակի: Այսինքն քաղաքում ապրող և չաշխատող ծնողները չեն ստանա նպաստ, քաղաքում ապրող և աշխատող ծնողները կստանան 26 500 դրամ նպաստ: Իսկ գյուղական բնակավայրերում ապրող չաշխատող ծնողները կստանան 26 500 դրամ, իսկ աշխատողները՝ 53 հազար դրամ նպաստ»:

Նմանատիպ նյութեր