Արմեն Սարգսյանը նամակ է հղել շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Կատարի հիմնադրամի եւ Education Above All հիմնադրամի նախագահ, ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների պաշտպան շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդին` ողջունելով նրա անձնական ջանքերը սեպտեմբերի 9-ը Կրթությունը հարձակումներից պաշտպանելու միջազգային օր հռչակելու գործում:
«Չափազանց կարեւոր է, որ դպրոցներն լինեն անվտանգ եւ հակամարտություններից զերծ վայրեր: Որպես Ապահով դպրոցների միջազգային հռչակագիրը վավերացրած երկիր, Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը հակամարտությունների ժամանակ ուսումնական հաստատությունների եւ դրանց ամբողջ անձնակազմի համար շարունակական կրթության ու անվտանգության ապահովման համաշխարհային ջանքերին:
Վստահ եմ նաեւ, որ մարդկության առջեւ ծառացած այս դժվարին ժամանակաշրջանում միայն համատեղ մեծ ջանքերի շնորհիվ կկարողանանք ապահովել դպրոցական միջավայրերի անվտանգությունը»,-մասնավորապես նշված է նախագահ Սարգսյանի նամակում: