211652_close_icon
views-count2305 դիտում article-date 15:46 16-09-2019

Նունե Սարգսյանը և Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը այցելել են Գաֆեսճյան արվեստի կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը և Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի գլխավոր տնօրեն, Ալ-Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը այցելել են Գաֆեսճյան արվեստի կենտրոն: Քուվեյթի շեյխուհու գլխավորած պատվիրակության անդամները Նունե Սարգսյանի հետ շրջել են կենտրոնի ցուցասրահներով, ծանոթացել կենտրոնի պատմությանը: «Խանջյան» սրահում նրանք հատկապես մեծ ուշադրությամբ դիտել են մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանի մոնումենտալ որմնանկարը: Շրջայցի ավարտին Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը նշել է, որ ինչպես մյուս բոլոր երկրների հետ, Քուվեյթի հետ ևս Հայաստանը շահագրգռված է ունենալ սերտ մշակութային կապեր. «Քանի որ շեյխուհի Հուսան խորապես տեղյակ է արաբական մշակույթին, մենք որոշեցինք հրավիրել նրան և ներկայացնել մեր մշակույթը՝ այն ակնկալիքով, որ կարողանանք փոխանակում իրականացնել։ Առաջարկում ենք իսլամական ձեռագրերի ու գրքերի՝ իր և իր ամուսնու սեփական հավաքածուն բերել այստեղ։ Դրա փոխարեն Մատենադարանից մենք ժամանակավորապես կտեղափոխենք արաբական ձեռագրերի հավաքածուն։ Այս ձևով մենք կփոխանակենք մեր մշակույթները, քանի որ մշակույթը, երաժշտությունը, գրքերն առաջին հերթին կապում են ժողովուրդներին»։ Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը, որն առաջին անգամ է Հայաստանում, նշել է. «Շատ շնորհակալ ենք այս հրաշալի հրավերի համար, քանի որ մեզ լավագույն ձևով է ներկայացվել Հայաստանը։ Մենք իսկապես ոգևորված ենք լինել այստեղ, որտեղ մեզ ցուցադրում են արվեստի ու մշակույթի տարբեր ճյուղեր։ Շատ տպավորված ենք։ Մեր հայ գործընկերների առաջարկով ծրագրում ենք ցուցահանդեսների փոխանակում իրականացնել։ Կլինի ցուցահանդես մեր Ալ-Սաբահ հավաքածուից, ինչպես նաև ցանկանում ենք հյուրընկալել ցուցահանդես Հայաստանից: Շատ ակտիվ ծրագիր ենք մշակում: Կարծում եմ՝ հաջորդ տարի հնարավոր կլինի այն իրականացնել»։ Մշակութային շաբաթների շրջանակում երկու երկրները հնարավորություն կունենան ցուցադրել սեփական արվեստը, երաժշտությունը, խոհանոցը: «Հայաստանը երկար ժամանակ է՝ մեր սրտում է։ Մենք ունենք շատ հայ ընկերներ, ովքեր բնակվում են Քուվեյթում, ինչպես նաև Սիրիայում, Լիբանանում և այլուր։ Մենք իսկապես սիրում և հարգում ենք նրանց։ Գալ նրանց հայրենի երկիր՝ ասես նույնն է, ինչ այցելել հին ընկերներին: Հայաստանը շատ յուրահատուկ է։ Այն մի վայր է, որը պետք է բոլորի կողմից բացահայտվի։ Սա փոքր երկիր է, որն ունի ստեղծարարությամբ լի մարդիկ։ Նրանք հայտնի են երաժշտության, գրականության, արվեստի, նկարչության ոլորտներում։ Սա մեզ համար հնարավորություն է՝ նրանց ավելի մոտիկից ճանաչել, իսկ նրանց միջոցով մենք հասկանում ենք մեր սեփական մշակույթը»,- նշել է Քուվեյթի շեյխուհին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր