211652_close_icon
views-count16512 դիտում article-date 19:25 07-06-2020

Վլադիմիր Գասպարյան. Սթափվե՛ք. այս ծայրահեղ վիճակում կայենություն մի՛ արեք, հրապարակավ ընդունեք ձեր մեղքը, ապաշխարեք ու հեռացեք

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Ուզում եմ խոսել մի թյուրիմացության մասին, որ անընդհատ գեներացվում է հասարակական գիտակցության մեջ: Հենց իշխանությունը հանձնելու խնդիր է դրվում, «քայլիստները» հնչեցնում են մեղադրանքը՝ ուզում եք հները հետ գա՞ն: Միանգամից ասեմ. հները հետ չեն գալու: Հույներն ասում են՝ նորից նույն ջուրը չես մտնի: Ու պատճառը ոչ թե մտնողի ուզել-չուզելն է, այլ այն, որ ջու՛րն է փոխվում: Մեր երկրի ջրերն անշրջելի՛ փոխվել են: Այնպես որ, մանիպուլացնել պետք չէ. հները հետ չեն գալու, կգան նորերը, որոնց պետք է փոխանցել հների փորձը, պետականամետությունը, «մենք»-ի զգացումը և այլն: Հների իմացությունից ու կարողություններից խոսեցի, և արդեն լսում եմ ոմանց աղմուկը: Սա էլ ասեմ, ու անցնենք առաջ. ահագին «քայլիստներ» ու «քլնգիստներ», չգիտես ինչու, համոզված են, որ հները հատկապես իրե՛նց աչքն են հանել, չնայած իրենց գերհամեստ ունակություններով ծլել-ծաղկել են հենց նրանց ստեղծած պայմաններում (շատերին անձամբ եմ ճանաչում ու կարող եմ վկայել, իրենք էլ կվկայեն, եթե մի կաթիլ ազնվություն ունեն)... Անցնենք գլխավորին: Մեր երկրի ջրերն իսկապես փոխվել են, բայց նոր ջրերը պիտի զուլալվեն: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ «քայլիստները» հասկանան՝ իրենք մարդկանց հիշողության մեջ մնալու են այն լավով, որ կթողնեն երկրին: Լավն էլ են բերել, ու հենց իրենք պիտի այն տարբերակեն իրենց բերած վատից: Հրապարակայի՛ն ու բարձրաձա՛յն: Նույնը պիտի անեն նաև նրանց ադեպտները: Պիտի անցնեն մեղքի գիտակցում-ապաշխարություն-թողություն ճանապարհը: Միայն այդպես ժողովուրդը կդառնա ազգ, հակառակը ամբոխացումն է: Իսկ մեղքերը շատ են՝ հպարտություն, նախանձ, զազրախոսություն, փառատենչություն, սուտ, կեղծավորություն... Բայց ամենագլխավոր մեղքը ԿՌԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆՆ է: Ու թող ոչ ոք չփորձի հակառակը պնդել. ընդամենը երկու տարի առաջ բոլորս ենք տեսել կռապաշտության հաղթանակը մեր հրապարակներում ու փողոցներում: Շատերն էլ մասնակցել են՝ թմբուկ են զարկել, պար են բռնել կուռքի շուրջը, պաշտամունքային գոռգոռացել են: Բոլորից առաջ այդ այլանդակ ծեսի գաղափարախոսներն ու կազմակերպիչները պիտի թողություն խնդրեն: Ու ներում ստանալով՝ հեռանան, որ իրենցից հետո լա՛վը հիշվի: Իսկ լավ գործեր, կրկնում եմ, կան: Օրինակ՝ երկիրն այնպիսի ծայրահեղ վիճակի բերեցին, որ վերջապես ջոկվեց չարը բարուց, լավը՝ վատից, դավաճանը՝ հավատավորից: Մեզ այնքան մոտեցրին աղետի եզրին, որ գործով սկսեցինք սիրել հայրենիքը: Այնքան տեսանելի դարձրին կռապաշտն ու քրիստոնյան, որ կարող ենք ընտրություն անել... Ուրեմն լինելին պիտի՛ կատարվի և կկատարվի՛: Հիշե՛ք. առանց Տիրոջ կամքի տերև իսկ չի ընկնում ծառից: Ու դուք էլ ընկնելու կամ բարձրանալու եք Տիրոջ կամոք: Դուք էլ սիրո կամ անեծքի եք արժանանալու Տիրոջ կամքով: Բայց՝ ըստ ձեր արարքների և գործերի: Ինչպես որ դատարկ տեղը Տիրոջդ անունը չպիտի տաս, այնպես էլ դատարկ տեղը մի՛ վախեցրեք մարդկանց հների վերադարձի փուչ սպառնալիքով: Ասում եմ՝ երկրիս ջրերը փոխվել են, ու մեզնից է կախված, թե զուլալվելուց հետո ով կապրի պարզ ջրերում, և ով անիծված ու հալածական կդեգերի երկրի երեսին: Կայենությունն անիծված է: Սթափվե՛ք. այս ծայրահեղ վիճակում կայենություն մի՛ արեք: Հրապարակավ ընդունեք ձեր մեղքը, ապաշխարեք ու հեռացեք, և ազգ դարձած ժողովուրդը ոչ միայն վատը կների, այլև կհիշի այն լավը, որ բերել եք: «Պատիվ ունեմ» արտահայտությունը «հայրենիք»-ից հետո ամենաթանկն է մեզ՝ զինվորականներիս համար: Ու երանի նրան, ով վաստակում է այն բարձրաձայնելու իրավունքը: Դուք ունեք դրա միակ ու վերջին հնարավորությունը, տիկնայք և պարոնայք «քայլիստնե՛ր»: Չվրիպե՛ք...»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր