211652_close_icon
views-count4129 դիտում article-date 22:10 29-05-2020

Կորոնավիրուսով վարակված կամ վարակված լինելու մեջ կասկածվող կանայք կարող են շարունակել կրծքով կերակրումը. ՅՈՒՆԻՍԵՖ

ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և IBFAN միջազգային ցանցի նոր զեկույցի համաձայն, չնայած կրծքի կաթի փոխարինիչների վնասակար գովազդների դադարեցմանն ուղղված ջանքերին, պետությունները դեռևս հաջողության չեն հասնում ծնողներին ապատեղեկատվությունից պաշտպանելու գործում։ Կորոնավիրուսային համավարակը փաստում է ավելի խիստ օրենսդրության անհրաժեշտությունը` ընտանիքներին կանթնախառնուրդների անվտանգության մասին կեղծ պնդումներից և ագրեսիվ գովազդներից պաշտպանելու համար։ Կրծքի կաթը կյանքեր է փրկում, քանի որ դրա միջոցով փոքրիկներին հակամարմիններ են փոխանցվում առողջ կյանքի մեկնարկի և մանկական մի շարք հիվանդություններից պաշտպանելու համար։ ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը խրախուսում են կանանց շարունակել կրծքով կերակրումը կորոնավիրուսային համավարակի ընթացքում, նույնիսկ եթե նրանց մոտ կասկածվում կամ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությունը։ Թեև գիտնականները դեռ շարունակում են հետազոտել կորոնավիրուսով վարակված մայրերի կրծքի կաթը, մինչ այժմ արված ուսումնասիրությունները փաստում են, որ քիչ հավանական է, որ կորոնավիրուսը կաթի միջոցով փոխանցվի երեխային։ Կրծքով կերակրման բազմաթիվ օգուտները էականորեն գերազանցում են վիրուսով պայմանավորված պոտենցիալ վտանգները։ Երեխային կաթնախառնուրդով կերակրելն ավելի անվտանգ չէ։ Զեկույցում տեղ գտած 194 երկրներից 136-ում գործող օրենսդրական ակտերը համապատասխանում են «Կրծքի կաթի փոխարինիչների վաճառահանման միջազգային օրենսգրքին» և ԱՀԿ բանաձևերին: Օրենսգրքի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է՝ վերջին երկու տարում 44 երկրների կողմից գովազդի հետ կապված կարգավորումների խստացմամբ պայմանավորված։ Այնուամենայնիվ, երկրների մեծ մասում գործող օրենսդրական սահմանափակումներն ամբողջովին չեն տարածվում բուժհաստատություններում իրականացվող գովազդի վրա։ Միայն 79 երկրում է արգելված կրծքի կաթի փոխարինիչների գովազդը բուժհաստատություններում, և միայն 51-ում է արգելվում անվճար կամ էժան, զեղչված գնով կաթնախառնուրդների տրամադրումը առողջապահական համակարգում։ Միայն 19 երկրում է արգելված գիտական և առողջապահական ասոցիացիաների միջոցառումների հովանավորչությունը կրծքի կաթի փոխարինիչների (այդ թվում` նորածինների, 1-3 տարեկան երեխաների կաթնախառնուրդների և կաթնային հեղուկների, 0-ից 36 ամսական երեխաների համար նախատեսված սննդի) արտադրողների կողմից։ «Կրծքի կաթի փոխարինիչների ագրեսիվ գովազդը, հատկապես բուժաշխատողների կողմից, մեծ խոչընդոտ է աշխարհում նորածինների և երեխաների առողջության բարելավմանն ուղղված մեր աշխատանքին», - նշել է ԱՀԿ-ի սնուցման և սննդի անվտանգության բաժնի ղեկավար Ֆրանչեսկո Բրանկան (Francesco Branca): «Առողջապահական համակարգերը պետք է քայլեր ձեռնարկեն՝ բարձրացնելու ծնողների վստահությունը կրծքով սնուցման նկատմամբ՝ զերծ մնալով կոմերցիոն ազդեցությունից, որպեսզի երեխաները բաց չթողնեն կրծքով կերակրման բացառիկ օգուտները»: ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորհուրդ են տալիս երեխային բացառապես կրծքով կերակրել առաջին 6 ամիսների ընթացքում, որից հետո՝ մինչև 2 տարեկանը և դեռ ավելին, փոքրիկները պետք է շարունակեն սնվել կրծքի կաթով՝ սննդակարգում ներառելով այլ սննդարար և անվտանգ կերակուրներ ևս: Առողջապահական համակարգերի գերծանրաբեռնվածության պայմաններում կրծքով կերակրումը սպառնալիքի տակ է։ Կրծքով չկերակրվող փոքրիկների համեմատ կրծքով կերակրվող փոքրիկների մահը 14 անգամ (ավելի) քիչ հավանական է: Այնուամենայնիվ, այսօր մինչև 6 ամսական երեխաների միայն 41 տոկոսն է բացառապես կրծքով կերակրվում։ Սա մի ցուցանիշ է, որ մինչև 2025թ. ԱՀԿ անդամ-երկրները պլանավորում են հասցնել առնվազն 50 տոկոսի։ Կաթնախառնուրդների անբարեխիղճ գովազդը շարունակում է խոչընդոտել կրծքով կերակման ցուցանիշի բարելավմանն ուղղված ջանքերը, իսկ կորոնավիրուսային ճգնաժամը մեծացնում է այդ վտանգը։ «Քանի որ կորոնավիրուսային համավարակը շարունակում է տարածվել, բուժաշխատողների կարողությունները ուղղվում են դրա դեմ պայքարին, իսկ առողջապահական համակարգերը՝ գերծանրաբեռնվում։ Այսպիսի դեպքերում կրծքով կերակրումը կարող է պաշտպանել միլիոնավոր փոքրիկների առողջությունը, բայց նոր մայրացած կանայք դա չեն կարող անել առանց բուժաշխատողների աջակցության»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի սնուցման բաժնի ղեկավար դոկտոր Վիկտոր Ագուայոն։ «Ավելին քան երբևէ, մենք պետք է ջանքեր գործադրենք՝ ապահովելու, որ աշխարհում ամենուրեք յուրաքանչյուր մայր և ընտանիք մասնագետի կողմից ստանա անհրաժեշտ խորհուրդներ ու աջակցություն իր փոքրիկին ծննդյան պահից կրծքով կերակրելու համար»։ Միջազգային օրենսգրքով արգելված է կրծքի կաթի փոխարինիչների ցանկացած տիպի գովազդը, այդ թվում բուժաշխատողներին՝ անվճար նմուշների տրամադրման տեսքով։ Պիտակների վրա չպետք է լինեն դրանց սննդային արժեքի և առողջական օգուտների մասին պնդումներ կամ փոխարինիչը իդեալականացնող պատկերներ։ Փոխարենը՝ կրծքի կաթի փոխարինիչների պիտակների վրա հստակ պետք է նշվի կրծքի կաթի առավելությունների, ինչպես նաև՝ կրծքի կաթով չկերակրելու դեպքում առողջությանը սպառնացող հնարավոր ռիսկերի և վտանգների մասին։ ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կառավարություններին կոչ են անում համավարակի համատեքստում անհապաղ ամրապնդել օրենսդրությունը միջազգային օրենսգրքի դրույթներին համապատասխանեցնելու նպատակով։ Կառավարություններն ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, արտակարգ իրավիճակով պայմանավորված, չպետք է աջակցության խնդրանքով դիմեն կրծքի կաթի փոխարինիչներ ստանալու նպատակով կամ ընդունեն նման օգնություն։ [b]Կրծքով կերակրումը կորոնավիրուսի համատեքստում[/b] Կորոնավիրուսային ակտիվ մասնիկներ մինչև այսօր չեն հայտնաբերվել կորոնավիրուսով վարակված կամ վարակված լինելու մեջ կասկածվող որևէ կնոջ կրծքի կաթի մեջ։ Հավանական չէ, որ կորոնավիրուսը փոխանցվի երեխային հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող մոր կրծքի կաթի միջոցով: Կորոնավիրուսով վարակված կամ վարակված լինելու մեջ կասկածվող կանայք կարող են շարունակել կրծքով կերակրումը, եթե ցանկանում են։ Նրանք պետք է՝ - Ձեռքերը հաճախակի լվանան օճառով և ջրով կամ ախտահանեն ձեռքերը ակլոհոլային հիմքով ախտահանիչով հատկապես երեխային դիպչելուց առաջ։ - Բժշկական դիմակ կրեն փոքրիկի հետ շփվելիս, այդ թվում՝ կերակրելիս։ - Բերանը անձեռոցիկով ծածկեն փռշտալիս կամ հազալիս։ Այնուհետև անմիջապես նետեն այն աղբամանը և նորից լվանան ձեռքերը։ - Պարբերաբար ախտահանեն շփման բոլոր մակերեսները դրանց դիպչելուց հետո։ Նույնիսկ եթե ձեռքի տակ բժշկական դիմակ չկա, նրանք պետք է հետևեն կանխարգելիչ մյուս քայլերին և շարունակեն կրծքով կերակրումը։

Նմանատիպ նյութեր