211652_close_icon
views-count678 դիտում article-date 10:37 21-05-2020

Մեկօրյա նշանակության թեմաները բոլոր կողմերից հիմնովին ծամծմվում են, հետո արագ մոռացվում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայաստանում այս պահին ամենահրատապ թեմաներն են 1/ կորոնավիրուսի տարածումը և դրա հետ կապված առողջապահական ճգնաժամի սպառնալիքը, 2/ Արցախ-Ադրբեջան շփման գծում ակտիվ մարտական գործողությունների վերսկսման վտանգը, 3/ Ռուսաստանի հետ հարաբերություններում առաջացած որոշակի խնդիրները և դրանից, մասնավորապես, բխող գազի հնարավոր թանկացումը: Սրանք լուրջ մարտահրավերներ են, որոնց հնարավոր է դիմակայել բոլոր քաղաքական և հասարակական ուժերի համախմբմամբ: Բայց ֆեյսբուքի ժապավենը բացելիս տեսնում ես, որ այդ ճակատագրական հարցերի մասին գրեթե չի խոսվում: Ի հայտ են գալիս «մեկօրյա նշանակության» թեմաներ, որոնք բոլոր կողմերից հիմնովին ծամծմվում են, հետո արագ մոռացվում, երբեմն էլ նորից ինչ-ինչ նկատառումներով հրապարակ են նետվում: Այդպիսի թեմաներից է օրինակ «սահմանադրական ճգնաժամը»: Հասկանում եմ, որ իշխանությունը մտասևեռում ունի՝ պատժելու Հրայր Թովմասյանին և նրա որոշ գործընկերներին, որոնք մի քանի ամիս առաջ Քոչարյանի հարցով «սխալ որոշում» են կայացրել: Առանձնապես ափսոսանք չեմ զգա, երբ այդ դատավորները կգնան թոշակի: Բայց մի՞թե նրանց հարցն այնքան հրատապ է, որ հնարավոր չէ 3 ամիս, կես տարի կամ թեկուզ մեկ տարի համբերել: Սակայն կան է՛լ ավելի ոչ հրատապ թեմաներ՝ դիցուք «Զվարթնոց» օդանավակայանը Շարլ Ազնավուրի անունով անվանակոչելը: Օդանավակայանը հաստատ չի փլվի, եթե այդ հարցին անդրադառնանք ավելի հանգիստ պայմաններում, երբ գոնե կորոնավիրուսի հարցն արանքից դուրս կգա: Որովհետև ենթադրում եմ, որ իմ նշած երկրորդ և երրորդ խնդիրները պատմական տեսանելի ապագայում որևէ ձևով չեն հանգուցալուծվելու և ծանրանալու են ոչ միայն այս, այլև հաջորդ կառավարությունների, մեր երեխաների և թոռների ուսերին: Իհարկե, «ամենահետաքրքիր» թեման է, թե ով ինչ է ֆեյսբուքում գրում: Այդ նյութը կարելի քննարկել օրական 24 ժամ: Մասնավորապես, բանավիճել այն թեմայով, թե ով է ավելի անզուսպ, մարգինալ և ոչ ադեկվատ: Այդպիսիք, անշուշտ, կան բոլոր ճամբարներում, ինչպես նաև՝ ճամբարներից դուրս: Պարզապես փոքր-ինչ անբնական է, երբ իշխանության ներկայացուցիչները, որոնց բառապաշարը նույնպես ծանրաբեռնված չէ էթիկական նորմերով, սկսում են դասախոսություններ կարդալ խոսքի մշակույթի մասին: Բայց, կրկնեմ, այս պահին, երբ օրական հարյուրավոր մարդիկ վարակվում են և մի քանի հոգի է մահանում, ֆեյսբուքյան փոխադարձ կսմիթները կարևոր չեն: Գուցե արժե մի փոքր լրջանալ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր