Սեդա Աղբալյան. Արևային էներգիայի արտադրության մասին
Սեդա Աղբալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արևային էներգիայի արտադրության մասին...
Վերջերս մեր տուն է եկել քաղաքապետարանի ներկայացուցիչը, օրինական կարգով ներկայացրել շենքի տանիքում արևային էներգիա արտադրող կայան տեղադրելու ծրագիր և հավաքել բնակիչների 2/3-ի ստորագրությունը՝ աշխատանքները սկսելու համար:
Սա Եվրամիության «Արևային համայնք» ծրագիրն է, որը միանշանակ պետք է ողջունել:
Դրա դիմաց քաղաքացիներին առաջարկվում է վճարել վերելակի էլեկտրաէներգիայի վարձը, որը կազմում է մոտ 12 հազար դրամ ամբողջ ամսվա համար: Ընդ որում, նշված չէ ժամկետ պարտավորության համար: Առաջարկվում է նաև շքամուտքի միայն առջևի հատվածի լուսավորությունը ապահովել (ամսական մոտ 1000 դրամ): Այսպիսով, տարածքը զբաղեցնելու համար ծրագիրը պատրաստվում է վճարել ոչ ավելի, քան մոտ 300$ տարեկան՝ շենքում բնակվող 36 ընտանիքի...
Ծրագրին երկու ձեռքով կողմ լինելով հանդերձ, ինձ մոտ, այնուամենայնիվ հարցեր առաջացան...
Նախ և առաջ վատ չէր լինի, եթե համայնքի բնակիչները ավելի հանրամատչելի ձևով տեղեկացվեին ծրագրի մասին, մասնավորապես տեղեկանային, թե արդյո՞ք սա շահույթ հետապնդող նախագիծ է, թե ոչ, այսինքն դառնալով ՀԷՑ բաժանորդ, համայնքը շահույթ ստանալու է, թե ոչ, կամ տեղադրողը, մատակարարը ինչ ընկերություն է և այլ մի քանի հարցեր:
Տանիքի տարածքը ոչ պակաս, քան 400քմ է: Բնակիչները չեն տեղեկացվում, թե քանի վահանակ են պատրաստվում տեղադրել և մոտավոր որքան էներգիա կարտադրվի մեկ տարում:
Այս ծրագիրը ինձ ստիպեց նայել նմանատիպ կլիմա և համակարգ ունեցող երկրների փորձը:
Օրինակ Ավստրալիայում (իմ սիրած օրինակն է-:)) պետությունը սուբսիդավորում է կայանների տեղադրումը 70-80%-ով, այնուհետև քաղաքացին պետությանը էներգիան վաճառում է 7 ցենտով կվտժ, իսկ պետությունը քաղաքացուն իրենից իսկ գնված էներգիան վաճառում է 21 ցենտով (քանի որ ի սկզբանե սուբսիդավորել է կայանի տեղադրման 70-80%-ը)… Այս տարբերակը օրինակ ինձ համար ավելի նախընտրելի կլիներ, քան վերելակի վարձն ու շքամուտքի լուսավորությունը ապահովելը (մեկ ընտանիքի հաշվով տարեկան ծախսը կկազմի 4-5 հազար դրամ):
Կամ մեկ այլ տարբերակ՝ նախընտրելի կլիներ պայմանագրով արտադրված էներգիան բնակիչներին տրվեր որոշակի զեղչով (հաստատ՝՝ կլինեն մոտավոր հաշվարկներ):
Այլ ավելի ողջամիտ պայմաններ, քան վերելակի վարձը վճարելն է, վստահ եմ , որ հնարավոր է մտածել:
Ինչևէ, ծրագրին լավ ծանոթ չեմ, բայց որպես բնակիչ կուզեի ավելի տեղեկացված լինել, թե ինչի մասին է խոսքը, ինչ են պատրաստվում անել և ինչ պայմաններով»: