211652_close_icon
views-count4097 դիտում article-date 14:43 13-05-2020

Վարչապետը խոստացավ ծանոթանալ բանկերի հետ քաղաքացիների 5 կոնկրետ խնդրի օրինակի, զբաղվել դրանցով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում շրջելիս զրուցեց նաև Կենտրոնական բանկի մոտակայքում հավաքված անձանց հետ, լսեց նրանց՝ բանկերի հետ կապված խնդիրները, քաղաքացիներից մեկին հորդորեց նամակով իրեն ներկայացնել հինգ կոնկրետ օրինակ՝ խոստանալով, որ անձամբ կծանոթանա, կզբաղվի դրանցով: «[url=https://armenpress.am/arm/news/1015162.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ քաղաքացիներն իրենց մտահոգությունը ներկայացրեցին բանկային համակարգի, վարկերի հետ կապված, նրանցից մեկը մասնավորապես նշեց, թե մարդիկ արտակարգ դրության ընթացքում հացի գումար չունեն, սակայն բանկերը, վարկային կազմակերպությունները զանգում են, ասում, որ գալիս են ավտոմեքենան քաղաքացու ձեռքից վերցնեն: Վարչապետը, լսելով քաղաքացիների բարձրացրած հարցերը, մասնավորապես նշեց. «Բանկերն այս ընթացքում 500 հազար մարդու վարկային արձակուրդ են տվել: Մարդիկ, որոնք բանկերի հետ նորմալ, ճիշտ աշխատանքային հարաբերություններ ունեն, բանկերը բոլորին էլ ըմբռնումով են մոտենում»: Քաղաքացիներին մեկը արձագանքեց՝ դա ճշմարտություն չէ: Նա նշեց, որ անձամբ խնդիր ունի: Վարչապետը հորդորեց, որ կոնկրետ օրինակներ ներկայացնի: «Եկեք պայմանավորվենք, եթե նույնիսկ շատ օրինակներ ունեք, 5 հատ կոնկրետ օրինակ տվեք, նամակը փոխանցեք, ես անձամբ կկարդամ: 5 կոնկրետ օրինակը կտաք, այդ 5 կոնկրետ օրինակով կհամոզվեմ, որ ճիշտ եք ասում, կզբաղվեմ դրանցով, հետո ուրիշ 5 օրինակ, 50 օրինակ կուզեմ»,-ասաց նա ու հորդորեց էլեկտրոնային փոստով կամ առձեռն հանձնել իր օգնականին: Վարչապետը նկատեց, որ հավաքված մարդիկ դիմակ չեն կրում, մոտ են կանգնած միմյանց, հորդորեց պահպանել սոցիալական հեռավորություն, կրել դիմակներ: Նա այդտեղ հավաքվելը համարեց անընդունելի՝ հանուն նրանց առողջության: Կենտրոնական բանկի դիմաց վարկային կազմակերպությունների գործունեության դեմ մայիս 12-ին ակցիա էին կազմակերպել մի խումբ քաղաքացիներ։ Ոստիկանության աշխատակիցն ակցիայի մասնակիցներին փոխանցել էր, որ մեկ անձ կարող է մտնել շենք և հանդիպել ԿԲ ներկայացուցչի հետ, սակայն նրանք հրաժարվել են այդ առաջարկից։ Նրանք պահանջել էին, որպեսզի ԿԲ ներկայացուցիչը գա և հանդիպի իրենց հետ։ Մի փոքր անց ոստիկանության ներկայացուցիչը հորդորել էր ողջամիտ ժամկետում դադարեցնել ակցիան, քանի որ պարետի որոշմամբ ակցիաներ չեն թույլատվում և պետք է պահպանվի հեռավորություն։ Մանուել Մանուկյանը հակադարձել էր, թե իրենք ակցիա չեն իրականացնում, այլ եկել են հանդիպելու ԿԲ ներկայացուցչի հետ։ Նա բարձր կոչերով փորձել էր սրել իրավիճակը, որից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքացիների։ Երկու քաղաքացի բերվել էին ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժին՝ ՀՀ վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։

Նմանատիպ նյութեր