Դատավորների բարեվարքությունը ստուգելու մեխանիզմները չափավոր են․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ինչո՞վ են զբաղված քաղաքական հակումներ ունեցող իմ համաքաղաքացիներն ու հայրենակիցները: Նրանք կարդում են ֆեյսբուքյան նյութեր, լսում են նորություններ, նայում են յութուբյան տեսագրություններ հատուկ նպատակով.
1/ հաստատելու իրենց նախօրոք ձևավորված տեսակետները,
2/ իրենց ցասումն ու ատելությունն արտահայտելու այն անձանց հանդեպ, որոնց նրանք թշնամաբար են տրամադրված:
Իմ մոտեցումն այլ է, և, բնականաբար, չի կարող արժանանալ մեծամասնության հավանությանը: Ես նախ՝ փորձում եմ մարդկանց և երևույթների մեջ տեսնել առաջին հերթին դրականը, կառուցողականը, և ապա՝ չմոտենալ որևէ մարդու, քաղաքական գործչի կամ ուժի՝ մեկընդմիշտ ձևավորված դրական կամ բացասական նախապաշարումներով: Ըստ այդմ, ես չեմ կարող պնդել, որ ՀՀՇ-ն, ՀՀԿ-ն, «Իմ քայլը» կամ որևէ այլ քաղաքական ուժ մի՛շտ ճիշտ էին կամ մի՛շտ սխալ, չեմ կարող առաջնորդվել հուզական մակարդակում ձևավորված իմ զգացական ընկալումներով կամ, առավել ևս, հասարակության մեջ տիրող կարծրատիպերով: Եթե որևէ մեկն արել է կամ անում է ինչ-որ մի բան, որը համապատասխանում է իմ արժեքային համակարգին, ես դա արձանագրում եմ՝ առանց հրճվանքի արցունքներ թափելու: Եթե դրան հակառակ բանն է արվում, դա էլ եմ արձանագրում` առանց փրփրելու:
Այդ տեսանկյունից անդրադառնամ այս շաբաթ խորհրդարանում քննարկվող երկու օրինագծերին: Լանզարոտեի կոնվենցիայի վավերացումն, իմ կարծով, ճիշտ էր. երեխաներին պետք է պաշտպանել մանկապիղծներից, այդ թվում՝ թվային հարթակներում գործող, և դրա համար անհրաժեշտ են իրավապահների, կրթական համակարգի և ծնողների ջանքերը: Չգիտեմ, թե ո՞ր բորբոքված ուղեղում է ծնվել այս խնդիրը միասեռականության հետ կապելու գաղափարը, բայց նրանք, ովքեր շատ լավ հասկանում են, որ նման կապ գոյություն չունի, բայց հանդես են գալիս քննադատությամբ, պարզապես զբաղված են քարոզչական աշխատանքով:
Դատական բարեփոխումների հարցն ավելի բազմաշերտ է: Քոչարյանի խափանման միջոցը փոխած դատավորներին բարոյական տեռորի ենթարկելը, նրանց վրա «կոմպրոմատ պեղելը», այդ առիթով դատարանները շրջափակելը, նմանատիպ պատճառով ՍԴ-ին պատերազմ հայտարարելը և հանրաքվե նախաձեռնելը՝ խիստ հակասում է պետական մշակույթի մասին իմ պատկերացումներին: Բայց այս շաբաթ իշխանությունը որոշ չափով հետքայլ է կատարել և հրաժարվել է «վեթինգով» բոլոր ինքնուրույն դատավորների «գլուխը թռցնելու» հեղափոխական գաղափարից: Դատավորների բարեվարքությունը ստուգելու կառավարության կողմից առաջարկված մեխանիզմները չափավոր են՝ գուցե նաև այն պատճառով, որ ոչ մի դատավոր այլևս չի համարձակվի հակադրվել գործադիրի կամքին: Բայց բոլոր դեպքերում գերադասելի է գնալ «չափավորության» ճանապարհով:
Այնպես որ՝ այս երկու դեպքերում «Իմ քայլը» չի սխալվում»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]