211652_close_icon
views-count812 դիտում article-date 16:03 09-05-2020

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի շնորհավորանքը՝ տոնական օրվա կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի և Շուշիի ազատագրման տոնական օրվա առթիվ: Այսօր մեզ համար առանձնահատուկ առիթ է արտահայտելու մեր երախտագիտությունն այն հերոսական սերնդի նկատմամբ, որն անցավ գերմարդկային փորձությունների միջով և մեր երկրի համար ապահովեց խաղաղ աշխատանքի և զարգացման հեռանկար: Երկրորդ աշխարհամարտը ծանր քննություն էր աշխարհի բազում ժողովուրդների, այդ թվում՝ հայ ժողովրդի համար: Թե՛ մեր ռազմիկները կռվի դաշտում, թե՛ մեր աշխատավորները թիկունքում պատվով բռնեցին այդ քննությունը: Դա մեզ համար իրապես դարձավ Հայրենական մեծ պատերազմ: Խորհրդանշական զուգադիպությամբ 1992 թվականի մայիսյան նույն օրը ազատագրվեց հայոց հինավուրց բերդաքաղաքը՝ Շուշին: Հայրերի ու պապերի օրինակով դաստիարակված մերօրյա հերոսները կրկնեցին նախնիների սխրանքը` հայտնվելով նույն` արդարության, ազատության ու մարդասիրության առաջնագծում՝ ընդդեմ հայատյացության, բռնության ու բարբարոսության: Հայ ռազմիկների մեծագործությունը շրջադարձային էր Հայաստանի Հանրապետության համար: 1992 թվականի մայիսի 9-ն իր պատմական արձանագրումն արեց. մենք մեր կյանքն ու ազատությունը, մեր իրավունքներն ու արժանապատվությունը չենք պատրաստվում զոհաբերել և չենք զոհաբերելու: Սիրելի՛ հայրենակիցներ, Կրկին շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Այս հաղթանակը ցեղասպանությունից փրկված մեր ժողովրդի համար բացեց խաղաղ աշխատանքի, հայ ժողովրդի համակողմանի վերածննդի իրական և լայն հնարավորություններ: Սա հաղթած հերոսների տոնն է: Մաղթում եմ խաղաղություն և ստեղծարար աշխատանք: [b]Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյան [/b]

Նմանատիպ նյութեր