211652_close_icon
views-count5461 դիտում article-date 13:38 09-05-2020

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ մայիսյան մեր եռատոնի` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ: Առաջին հերթին ջերմորեն շնորհավորում եմ Մեծ հայրենականի վետերաններին, մաղթում ամուր առողջություն: Նրանց համար, անկասկած, մեծագույն երջանկություն էր Հայրենական մեծ պատերազմից տասնամյակներ հետո տեսնել հայրենիքի ազատության ու անկախության պայքարում իրենց զավակների և թոռների փառավոր հաղթանակը: Թող մեր հայրերի ու պապերի աչքերում այսուհետ միայն ուրախության արցունքներ հայտնվեն՝ իրենց թոռների ու ծոռների ծննդյան և պսակադրության առիթներով, և այսուհետ ոչ մի պատերազմ նրանց վիշտ ու տառապանք չբերի: Մարդկության պատմության մեջ ամենաարյունալի պատերազմում` Երկրորդ աշխարհամարտում քաղաքակիրթ մարդկությունն անասելի տառապանքների ու մեծագույն կորուստների գնով հաղթանակ տարավ ֆաշիզմի, այլատյացության և բռնատիրության դեմ: Փառք այդ հաղթանակը կերտողներին: Սակայն հաղթանակից հետո աշխարհը, ցավոք, լիովին չձերբազատվեց չարից և մարդկությանն սպառնացող վտանգներից: Նեոֆաշիստները, նորօրյա ահաբեկիչները, զանազան հեղափոխական բռնապետերն ու զավթիչները մինչ այսօր չարիք են առաջադեմ մարդկության համար: Քսանմեկերորդ դարում անգամ ականատես ենք դառնում սարսափելի ավերածություններով պատերազմների, տեղահանությունների ու մարդկային տառապանքների: Սա առաջադեմ մարդկությանը նետված հերթական մարտահրավերն է, որին համատեղ չդիմակայելը հղի է կործանարար հետևանքներով: Ավելի քան երեսուն տարի առաջ հայ ժողովուրդը հերոսաբար դիմագրավեց Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիային և հաղթանակով պսակեց զավթիչի դեմ իր ազատագրական պայքարը: Պատերազմի ծանր պայմաններում կամավորական ստորաբաժանումների հիմքի վրա կազմավորված Արցախի պաշտպանության բանակն իր մեջ ամփոփեց այն հերոսականությունը և ոգին, որ կրում էին հայրենիքի նվիրյալ կամավորները: Շնորհավորում եմ իմ զինակից ընկերներին` Արցախյան ազատամարտում հայրենասիրության և սխրանքի բացառիկ դրսևորումներով աչքի ընկած հերոսներին, որոնց հետ պատիվ եմ ունեցել անցնելու ամբողջ պատերազմը և ազատագրելու մեր հայրենիքի մի մասը` Արցախի սրբազան հողը: Հաղթանակներն են, որ նոր սխրանքների են կոչում սերունդներին: Շնորհավորում եմ մեր քաջարի զավակներին, որ չորս տարի առաջ հայ ժողովրդին պարտադրված հերթական պատերազմում գերազանցեցին իրենց պապերի ու հայրերի սխրանքը և փառավոր հաղթանակի նոր էջ գրեցին հայոց պատմության մեջ: Նվիրական այս օրը ես ակնածանքով խոնարհվում եմ մեր բոլոր այն եղբայրների ու քույրերի հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը դրեցին հայրենիքի ազատության զոհասեղանին: Հավերժ փա՛ռք նրանց: Կրկին շնորհավորում եմ բոլորիս եռատոնի առթիվ, մաղթում հարատև խաղաղություն և ստեղծագործ աշխատանք»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր