211652_close_icon
views-count874 դիտում article-date 20:05 06-05-2020

Որևէ գործարք չկա և չի կարող լինել. ՀՀ նախագահի աշխատակազմ

Ի պատասխան որոշ լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվության, թե իբր Հանրապետության նախագահի և վարչապետի միջև ինչ-որ գործարք-պայմանավորվածություն կա Ազգային ժողովի ընդունած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շուրջ, Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը, հաշվի առնելով մի շարք ԶԼՄ-ներից ստացած հարցումները, հայտնում է. Որևէ գործարք չկա և չի կարող լինել: Ամբողջ այդ ապատեղեկատվությունը պետք է դիտարկել հերթական անհեթեթությունների շարքում, որոնք պարբերաբար տարածվում են որոշ շրջանակների կողմից: Մարդիկ կամ մարդկային խմբեր, որոնք մասնագիտացել են անլրջության հասնող դավադրությունների տեսությունների մեջ, փորձում են կայանալ որպես կոնսպիրացիաների «մեծ» մոգեր: Հանրապետության նախագահը մեկ անգամ չէ, որ տարբեր, այդ թվում՝ միջազգային հանրահայտ հարթակներում անդրադարձել է բնապահպանական խնդիրների կարևորությանն, ինչը վերոհիշյալ մարդիկ տարբեր պատճառներով ի վիճակի չեն հասկանալ: Իբրև հետևանք՝ նրանց մեջ շարունակաբար ծնվում են տարաբնույթ անհեթեթություններ: Ինչ վերաբերում է Ազգային ժողովի ընդունած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, այն գտնվում է նախագահի աշխատակազմում: Աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներն ուսումնասիրում են օրենքն, իրականացնում իրավական և այլ մասնագիտական փորձաքննություն՝ Հանրապետության նախագահին եզրակացություն ներկայացնելու նպատակով: Սահմանադրության համաձայն՝ նախագահը դրանց վերաբերյալ իր դիրքորոշումը կարտահայտի սահմանված ժամկետում:

Նմանատիպ նյութեր