211652_close_icon
views-count3365 դիտում article-date 22:08 01-05-2020

Ցավոք, պետության կողմից բավարար միջոցներ չեն ձեռնարկվում՝ վերացնելու երկկողմանի անհանդուրժողականությունը, որը դրսևորվում է ատելության խոսքի և հայհոյանքի ձևերով․ Արա Զոհրաբյան

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձություններին, որոնք ուղեկցվել են վիրավորանքներով ու բռնությամբ։ Նա մասնավորապես նշել է, որ դրանք ցույց տվեցին, որ մենք կործանման ճանապարհով ենք գնում: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․ «Մարդու արժանապատվությունն անխախտելի է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը (1948 թվական) ընդունվել և հռչակվել է նկատի առնելով, որ մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության և նրանց հավասար ու անկապտելի իրավունքների ճանաչումը հանդիսանում է ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքը: Հռչակագիրը շեշտում է մարդկային արժանապատվության ժառանգական անգնահատելի արժեքը, որը պետք է ճանաչվի բոլոր մարդկանց համար: Պատահական չէ, որ ՀՀ Սահմանադրությունը մարդու անօտարելի արժանապատվությունն է համարում իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքը: Մարդու արժանապատվության իրավունքը բացարձակ և անսահմանափակելի իրավունք է: Վերջին իրադարձությունները (վիրավորանքներ, բռնություններ) ցույց տվեցին, որ մենք կործանման ճանապարհով ենք գնում: Դեռևս 2018թ. օգոստոսի 20-ին ֆեյսբուքյան էջում նշել էի՝ «Այս փուլում, կարծում եմ պետք է փորձել վերացնել Նիկոլ Փաշինյանի համակիրների (մեծ մասը կեղծ օգտատերերի) հայհոյանքների և վիրավորանքների դրվածքը այլ կարծիք ունեցողների հասցեին: Տիեզերական փոխադարձության օրենքի համաձայն, ամեն ինչ վերադառնում է: Նախորդ իշխանությունը հնձեց իր ցանածը, իսկ այսօրվա իշխանությունը վաղը հնձելու է իր այսօրվա ցանածը: Այդ իսկ պատճառով ավելի լավ է հայհոյանքի փոխարեն սեր ցանել, իսկ վիրավորանքի փոխարեն՝ համերաշխություն:»: 2020 թվականն է: Հայհոյանքները և վիրավորանքները դարձել են փոխադարձ, իսկ մթնոլորտը՝ շիկացած: Ցավոք, պետության կողմից բավարար միջոցներ չեն ձեռնարկվում վերացնելու համար երկկողմանի անհանդուրժողականությունը, որը հիմնականում դրսևորվում է ատելության խոսքի և հայհոյանքի ձևերով: Արժանապատվության կարևորությունը և արժանապատվության իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը չտեսնող պետությունները և հասարակությունները ատելության և բռնությունների (նաև դրանցից բխող բացասական երևույթների) պակաս չեն ունենալու: Դեռ ուշ չէ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր