6330 դիտում
11:40 29-04-2018
Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական ցանցերի շարունակվող մշտադիտարկումը վկայում է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում ատելության խոսքն ու անհանդուրժողականությունն աճի միտում են դրսևորում։
Հատկապես մտահոգիչ է սոցիալական ցանցերում հասարակության տարբեր խմբերի բաժանման ու հակադրման միտումը: Ընդ որում, ընդդիմախոսների կարծիքը հաճախ ընդհանրապես չի հանդուրժվում, իսկ հակադարձումները հաճախ մարդու արժանապատվությունը նվաստացնող են, ընդհուպ՝ ատելություն քարոզող, իսկ առանձին դեպքերում՝ կոնկրետ անձանց դեմ նույնիսկ թշնամանք հրահրող:
Սրանք հասարակությունում լարվածության աճին ակնհայտորեն նպաստող գործոններ են: Մտահոգությունն էլ ավելի է աճում, եթե հաշվի առնենք, որ վերջին օրերին շեշտակիորեն աճել է մարդկանց ներգրավվածությունը սոցիալական ցանցերում ծավալվող քննարկումներին, իսկ զանգվածային հավաքներն ու երթերը դեռ շարունակվում են:
Մարդու իրավունքների երաշխավորման տեսանկյունից ցանկացած պարագայում կարևոր է մարդկային արժանապատվության ու անձնական կյանքի գաղտնիության լիարժեք պաշտպանությունը: Այս առումով, մտահոգիչ է, օրինակ, Ազգային ժողովի պատգամավորների անձնական կյանքին վերաբերող տվյալների, այդ թվում՝ անձնական հեռախոսահամարների խմբային հրապարակումները: Դիտարկումը վկայում է, որ սոցիալական մեդիայի այն տիրույթներում, որոնցում հրապարակվել են այդ հեռախոսահամարները, ակնհայտ է ծաղրանքը, վիրավորանքն ու ատելության խոսքը:
Ակնհայտ է, որ սա անհանդուրժողական մթնոլորտի խորացմանը նպաստող գործոն է։ Ավելին, սա կարող է ստեղծել հանրային գործիչների անձնական տվյալների չսանկցավորված տարածման միջոցով հոգեբանական ներգործության վտանգավոր նախադեպ։
Այս բարդ իրավիճակում չափազանց կարևոր է զանգվածային լրատվամիջոցների դերը: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը բոլոր լրատվամիջոցներին հորդորում է անհապաղ հեռացնել անհանդուրժողականություն կամ ատելություն քարոզող կամ բռնության կոչ պարունակող ցանկացած մեկնաբանություն՝ անկախ նրանից դրանք արվում են առերևույթ կեղծ, թե իրական օգտատիրոջ կողմից: Հորդորում ենք նաև ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածվող լուրերի ստուգվածությանը, ինչպես նաև վերնագրերի ընտրությանը:
[b]ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]
Նմանատիպ նյութեր
2307 դիտում
21:43 25-08-2021
Պետք է անհապաղ դադարեցնել Ազգային ժողովում լրագրողների աշխատանքի խոչընդոտները․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Այս բաժնից
979 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
1000 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»