211652_close_icon
views-count7128 դիտում article-date 17:19 23-04-2018

Սոցիալական ցանցերում չեն նվազում անհանդուրժողականությունը, ատելության քարոզն ու բռնության կոչերը. ՄԻՊ

Սոցիալական ցանցերի շուրջօրյա ուսումնասիրոթյունը վկայում է, որ չեն նվազում անհանդուրժողականությունը, ատելության քարոզը, բռնության կոչերը, ընդհուպ՝ ներքին թշնամանքի հրահրումը: Դրանց մի մասը թվում է ուղղորդված: Մասնավորապես, սոցիալական ցանցերում բացվում են խմբեր, որոնցում իրականացվում է ատելության քարոզ ու արվում են բռնության կոչեր: Ատելության քարոզի համար, որպես կանոն, օգտագործվում են Ոստիկանության ծառայողների կողմից թույլ տված, այդ թվում՝ նախորդ տարիների ընթացքում ֆիզիկական ուժի գործադրման տեսանյութեր ու լուսանկարներ: Առավել մտահոգիչ է, որ ատելությունն ուղղված է ոչ միայն Ոստիկանության ծառայողների, այլ նաև նրանց ընտանիքների անդամների դեմ: Դրանից բացի, սոցիալական ցանցերի այդ խմբերում տարածվում են տեղեկատվական թերթիկներ, որոնք ուղղված են հավաքի մասնակիցներին, եթե նրանց բերման ենթարկեն Ոստիկանության բաժիններ: Այդ թերթիկներում պարունակվող տեղեկությունների զգալի մասը պարունակում է ակնհայտ ծաղրանք, մարդու արժանապատվությունը նվաստացնող, ինչպես նաև բռնություն հրահրող արարքների կոչեր: Դիտարկումը ցույց է տալիս, որ դա արվում է կազմակերպված ձևով և ստացել է լայն տարածում: Այդ խմբերում արդեն առկա են մեկնաբանություններ պայթուցիկ սարքերի կամ հարմարանքների լուսանկարներով: Ընդ որում, տարբեր խմբերում նույն ձևակերպմամբ մեկնաբանություններ են արվում նույն օգտատերերի կողմից: Առերևույթ ուսումնասիրությունը վկայում է, որ դրանք հաճախ կեղծ օգտահաշիվներ են: Նշվածից բացի, լրատվամիջոցներին խնդրում ենք, որպեսզի հեռացնեն ատելություն կամ բռնության կոչ պարունակող ցանկացած մեկնաբանություն՝ անկախ նրանից դրանք արվում են առերևույթ կեղծ, թե իրական օգտատիրոջ կողմից: Խնդրում ենք լրագրողներին ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածվող լուրերի ստուգվածությանը, ինչպես նաև վերնագրերի ընտրությանը:

Նմանատիպ նյութեր