211652_close_icon

Ինչու են դպրոցներում գնահատականներն ամփոփվելու մինչև մարտի 13-ը եղածի հիման վրա. պարզաբանում

views-count6598 դիտում article-date 14:20 01-05-2020
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը պարզաբանեց, թե ինչու են հանրակրթական ուսումնական հաստատություններում տարեկան գնահատականներն ամփոփվելու մինչև մարտի 13-ը եղածի հիման վրա։ Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/1014025.html]Արմենպրես[/url]»-ը, մայիսի 1-ին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ Անդրեասյանը նշեց, որ այդ որոշումը կայացրել են բոլորի համար հավասար պայմաններ ունենալու սկզբունքից ելնելով։ «Պետք է հաշվի առնենք, որ մեր երկրում պայմանները, ցավոք, բոլոր երեխաների համար հավասար հասանելի չեն հեռավար կրթության համար։ Ունեցել ենք բավականին թվով երեխաներ Երևանում և մարզերում, որոնք զրկված են եղել հեռավար ուսուցման մասնակցելու հնարավորություններից, և այս երեխաները պետք է ունենան նույն պայմանները, ինչ մյուս երեխաները»,- ընդգծեց Անդրեասյանը։ Նախարարի տեղակալի խոսքով՝ հանրակրթությունը կրթություն է բոլորի համար, որը և սահմանադրական իրավունք է ու ամրագրված է օրենքով, հետևաբար որոշում կայացնելիս այն պետք է վերաբերվի բոլորին։ «Մեզ շատ են հարցնում, թե այդ դեպքում ինչ եղավ մարտի 13-ից հետո սկսված գործընթացի հետ, արդյոք դա իզուր էր։ Ոչ, իհարկե իզուր չէր և հենց առաջին օրից, երբ մենք կոչ ենք արել անցկացնել հեռավար ուսուցում, արվել է, որպեսզի ապահովվի կրթության շարունակականությունը, որպեսզի այս ընթացքում երեխաները դուրս չմնան կրթությունից, և մենք այդ աշխատանքը ամբողջությամբ հաշվի ենք առնում։ Այն դասընթացները և այն թեմաները, որոնք անցել են այս ընթացքում, որևէ երեխա և ուսուցիչ չի կրկնելու եկող տարի»,- ընդգծեց Անդրեասյանը՝ հավելելով, որ այսպիսով նախարարությունը ճանաչում է այդ գործընթացը և գնահատում կատարված աշխատանքը։ Ավելի վաղ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում տարեկան գնահատականներն ամփոփվելու են մինչև մարտի 13-ը ունեցած և էլեկտրոնային մատյաններ փոխադրած գնահատականների հիման վրա: Հանրակրթական ուսումնական հաստատություններում 4-րդ և 9-րդ դասարանների ավարտին կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու քննություններ չեն իրականացվելու: Աշակերտների՝ մինչև մարտի 13-ն ունեցած և էլեկտրոնային մատյաններ փոխադրած գնահատականների հիման վրա ամփոփվելու են նրանց տարեկան գնահատականները, որոնցից քննական առարկաների տարեկան գնահատականները համարվում են նաև քննական։ Այդ գնահատականների հիման վրա աշակերտները փոխադրվելու են հաջորդ աստիճան: Փոխադրական քննություններ չեն իրականացվի նաև ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարաններում, ամփոփումը տեղի է ունենում նույն ձևով: Դպրոցներում ավարտական՝ 12-րդ դասարանի քննություններ չեն իրականացվում, ամփոփումը տեղի է ունենում նույն ձևով, ինչ 4-րդ և 9-րդ դասարանների դեպքում: Հաշվի առնելով, որ աշակերտների մի մասը քննությունները հանձնել են նախորդ տարվա դեկտեմբերին, վերջիններս հնարավորություն է տրվում ընտրել՝ պահպանել քննության արդյունքը, կամ ընտրել տարեկան գնահատականը՝ որպես ատեստատում քննական գնահատական: Ամփոփումը կատարվում և ատեստատները տրվում են մինչև մայիսի 25-ը:

Նմանատիպ նյութեր