142040 դիտում
09:44 10-04-2020
Կասկադյորական ավտովթար Երևանում. Mercedes-ը մասամբ հայտնվել է Toyota-ի վրա, Toyota-ն էլ բախվել է ծառին, տուժել է կայանված Opel-ը, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Պռոշյան-Այգեձոր փողոցների խաչմերուկում բախվել են Միսակ Գ-ի վարած Mercedes մակնիշի 22 MM 022 համարանիշի, Գերասիմ Հ-ի վարած Toyota Camry մակնիշի 36 GX 469 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 3 հոգի տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 16 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են Mercedes-ը և Toyota-ն, այնուհետև սահմանազատել տարածքը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի օրվա գիշերային հերթափոխի պատասխանատուներ Արտյոմ Սիմոնյանն ու Նշան Թադևոսյանը։
Վթարի մասին Երևան ՃՈ օպերատիվ կառավարան կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի 35 QD 292 համարանիշի ավտոմեքենան, որն ամբողջովին վնասվել է, և պարզվում է՝ ավտոմեքենան Toyota-ի՞, թե Mercedes-ի հարվածի հետևանքով է վնասվել։
Ոստիկանությունը պարզում է Opel-ի վարորդի և վիրավորների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ բախման հետևանքով Mercedes-ը կիսակողաշրջված վիճակում հայտնվել է Toyota-ի վրա, իսկ Toyota-ն էլ, առաջ ընթանալով, բախվել է ծառին։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+