Խայտառակ նախագիծը ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի ջանքերով տապալվեց. Ընդդիմադիրներն այսօր մի կարեւոր բան ապացուցեցին. Ռուբեն Մելիքյան
COVID-19-ի դեմ պայքարի պատրվակով մեր բոլորի իրավունքների նկատմամբ անհամաչափ միջամտություն նախատեսող խայտառակ օրինագիծը, «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ջանքերով, տապալվեց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները գործնականում ցուցադրեցին, որ պառլամենտարիզմը Հայաստանում ո՛ղջ է, որ մեծամտացած մեծամասնությունը ամենազոր չէ՛, որ քաղաքական իշխանության պոպուլիզմը եւ անպատասխանատվությունը կարո՛ղ է արգելափակվել՝ փաստարկով ու համարձակությամբ, որ սխալ առաջնահերթություններն ու սխալ ուղերձները մի օր բերում են տապալման։
Ընդդիմադիրներն այսօր մի կարեւոր բան ապացուցեցին. իրավունքի գերակայությունը Հայաստանում ապագա ունի։ Շնորհակալ եմ «իրեղեն ապացույցի» համար։