211652_close_icon
views-count94048 դիտում article-date 13:40 25-03-2020

Ժամը 16:00-ից հետո ավելի խիստ միջոցներ կձեռնարկվեն. ՀՀ փոխոստիկանապետ

Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակագ դրության ժամանակ մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման ընթացքում մարտի 25-ին մինչև 16։00-ն ոստիկանությունը բացատրական աշխատանքներ կտանի քաղաքացիների հետ։ «[url=https://armenpress.am/arm/news/1009945.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը։ «Մինչև 16։00-ն մենք ունենք հրահանգ, որպեսզի քաղաքացիներին բացատրական աշխատանքների միջոցով կարողանանք կարգավորել իրավիճակը։ Այդ ժամից հետո օրենքով սահմանված կարգով կանցնենք մեր գործողություններին»,- նշեց Մհրյանը։ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավիճակում պարետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն քաղաքացիները տնից դուրս գալիս պետք է իրենց հետ ունենան տեղաշարժի ձևաթուղթ, ինչպես նաև անձը հաստատող փաստաթուղթ։ Մհրյանն անդրադարձավ նաև այս օրերին ոստիկանների գործունեությանը և շեշտեց, որ իրենց քանակական ուժերի սահմաններում ամբողջ հանրապետության տարածքում իրականացնում են ծառայություն և փորձում են հնարավորինս ամբողջական փակել շղթաները, որպեսզի կարողանան կատարել պարետի որոշումների պահանջները։ Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 265 է: Թեստերից 1315-ը բացասական արդյունք են տվել: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 25-ին ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 16 քաղաքացի, մեկուսացումից դուրս եկել 88-ը:

Նմանատիպ նյութեր