211652_close_icon
views-count2276 դիտում article-date 16:59 21-03-2020

Հույս ունեմ` Հայաստանը և Արցախը այս մեծ մարտահրավերից դուրս կգան հաղթանակած. Նախագահը` կորոնավիրուսի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախը պետք է հաղթի նաև այս գլոբալ արհավիրքին։ Այս մասին իր Արցախ այցելության ժամանակ ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Քանի որ դեռևս չկա ընդհանուր դեղորայք, որը մարդկային արարածներին, անկախ իրենց ազգությունից, բուժում է կորոնավիրուսից, մենք գնում ենք դեռևս մեր հին՝ մարդկությանը ծանոթ դեղամիջոցին: Եթե փորձեմ պարզ բառերով ձևակերպել՝ առաջին հերթին այդ դեղամիջոցը հոգատարությունն է, որովհետև կորոնավիրուսն ազդում է նախ և առաջ առողջությամբ թույլ և տարիքով մեծ անհատների վրա։ Հետևաբար, սեր ու հոգատարություն է պետք նրանց նկատմամբ, ովքեր թույլ են և տարեց,-ասել է Հայաստանի նախագահը։ Նախագահի խոսքով` երկրորդը՝ պատասխանատվությունն է. «Հատկապես դիմում եմ երիտասարդներին, որոնք նմանատիպ հիվանդությունը ավելի հեշտ են տանում, բայց դա չի նշանակում, որ անպատասխանատու լինելով, այդ հիվանդության հնարավոր կրողը լինելով, այն չեն կարող չփոխանցել մոտիկ և հարազատ մարդկանց։ Ուրեմն՝ հոգատարություն, պատասխանատվություն, կարգապահություն և կազմակերպվածություն։ Իհարկե, պետությունն այստեղ դեր ունի, և այդ առիթով, կարծում եմ, ժամանակ կունենանք խոսելու պարոն նախագահի հետ։ Ես հաճույքով կփոխանցեմ այն փորձը, գիտելիքները, որ այս վերջին շրջանում ես ինքս սովորել եմ՝ շփվելով տարբեր երկրների ղեկավարների, առողջապահության նախարարների, գիտնականների հետ։ Դրանով ես զբաղվում եմ համարյա ամեն օր՝ փորձելով կենդանի պահել Հայաստանի միջազգային կապերն առողջապահության ոլորտում։ Մենք կարիք ունենք և՛ օգնության, և՛ դեղորայքի, թեստերի, դիմակների, բայց, նախ և առաջ, կարիք ունենք փորձի՝ դրական և բացասական, թե ինչպես հաղթահարել կորոնավիրուսը։ Այդ փորձառությունը, տարբեր երկրների նախագահների կամ միջազգային առողջապահական կազմակերպությունների հետ իմ խոսակցությունների արդյունքն իմ պարտականությունն եմ համարում անձամբ փոխանցել պարոն նախագահին, որպեսզի Արցախը պատրաստ լինի։ Սա մեկ ուրիշ ճակատամարտ կամ պատերազմ է, որը պետք է տանենք անտեսանելի թշնամու դեմ, որն, ընդ որում, համաշխարհային թշնամի է։ Շատ էական է, թե այդ ճակատամարտից ինչպես դուրս կգանք։ Կլինեն երկրներ, որոնք հաղթանակած կլինեն, այսինքն՝ նվազագույն կորուստներ կունենան, և կլինեն երկրներ, որոնք դուրս կգան մեծ կորուստներով, հետևաբար, ինչ-որ իմաստով պարտված։ Հույս ունեմ, որ Հայաստանը և Արցախը այս մեծ մարտահրավերից դուրս կգան հաղթանակած, նվազագույն կորուստներով։ Արցախի մեր ողջ ժողովրդին, մեր բոլոր հայրենակիցներին մաղթում եմ նախ և առաջ առողջություն»,- ասել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր