211652_close_icon
views-count2799 դիտում article-date 12:35 03-03-2020

«Մեր պետական սահմանները նվազագույնը մնալու են այսօրվա դիրքով». Վիտալի Բալասանյանն այցելել է Միջնավան եւ Ծաղկաբերդ

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպել է Միջնավան և Ծաղկաբերդ համայնքների ընտրողներին, տեղեկացնում է Վիտալի Բալասանյանի գրասենյակը։ Այստեղ հիմնական խոսողի դերում ընտրողներն էին, որոնք ունեն կուտակված բազմաթիվ խնդիրներ և դիմում են Վիտալի Բալասանյանին՝ խոստում ստանալով, որ ընտրվելու դեպքում լուծելու է դրանք: «Մենք ունենք անծայրածիր հողեր, բայց դրանք խլել են մեզանից»,- ասել է գյուղացիներից մեկը: «Եթե անասուն չենք պահելու, հող չենք մշակելու, մեր երեխաներն այստեղ չեն մեծանալու, ինչպե՞ս պահենք սահմանը»,- դժգոհել է մեկ ուրիշը: «Տղաս ամուսնացել է և առանձին է ապրում, բայց մի սանտիմետր հող չունի: Դիմում ենք վերևներին, ասում են՝ վարձակալել են հարյուր տարով: 60 տարեկան մարդը 100 տարով ինչպե՞ս է վարձակալել»,- ասել է երրորդը: Երիտասարդ ընտրողներից մեկն էլ ասել է, որ իրենց մտահոգող առաջնային խնդիրն Արցախի հարցն է, մյուսները կլուծվեն հերթականությամբ և հարցրել է. «Որպես գեներալ, ուզում եմ լսել Արցախյան հարցի լուծման ձեր տեսլականը»: Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտաի Բալասանյանը պատասխանել է այս և մյուս բոլոր հարցերին և ասել, որ իր նախընտրական ծրագրերն ուսումնասիրելուց հետո կարող են հստակ տեսնել Արցախն ապագայում: «Ով հողի վրա ապրում է, նա է տերը: Մեր պետական սահմանները նվազագույնը մնալու են այսօրվա դիրքով»,- ասաց նախագահի թեկնածուն:

Նմանատիպ նյութեր