211652_close_icon
views-count2521 դիտում article-date 17:44 25-02-2020

Նրան պիտի ճանաչեն ու հիշեն. Նկարչի տանը կբացվի ցուցահանդես

1990-ականներին Երեւանում նրան շատերն էին ճանաչում։ Երբ 1991-ին Ժուռնալիստի տանը բացվեց նրա գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքների անհատական առաջին ցուցահանդեսը, արձագանքեցին գրեթե բոլոր թերթերը, հանրային ռադիոն: Աշոտ Իսակովը երեւանյան մշակութային կյանքի ամենաինքնատիպ ու առեղծվածային դեմքերից էր: Ազգությամբ ասորի էր: Ծնվել էր 1954-ի նոյեմբերի 28-ին Աբովյան քաղաքում: 10-12 տարեկան տղային դպրոցն այնքան էլ չէր հետաքրքրում, իրեն զգում էր բնության մի մասնիկը, սիրում էր ազատությունը: Աղավնիներ էր պահում: Ու երբ աղավնիներից մեկը չէր իջնում էլեկտրական սյան գլխից, առանց երկար-բարակ մտածելու որոշեց բարձրանալ իջեցնել ու ... չխուսափեց բարձր լարման էլեկտրական հոսանքի հարվածից: Ածխացած ձեռքերով տղային մի կերպ իջեցրին սյան վրայից: Հաջորդեցին վիրահատությունները: Զրկվեց ձեռքերից. ձախ ձեռքը չկար հենց ուսագլխից, աջը անդամահատել էին այնպես, որ պահպանվել էր նախաբազկի մի փոքր մասը: Չհամակերպվեց նաեւ պրոթեզների հետ: Որոշեց հաշմանդամությունը չհամարել դատավճիռ, ապրել սովորական կյանքով, չապավինել ուրիշների օգնությանը, ամեն ինչի հասնել սեփական ուժերով: Ձիավարում էր, հիանալի լողորդ էր: 1982-ին Սեւանա լճում կարողացավ խեղդվելուց փրկել 3 հոգու... Արդեն ամուսնացած էր, երկու տղաների հայր, երբ սկսեց նկարել: Արվեստագետ, նկարիչ ընկերներ շատ ուներ: Թերեւս հենց նրանց արվեստանոցներում երկար զրույցների ժամանակ ծնվեց սերը գեղանկարչության հանդեպ: ՙՎարպետս Աստված է, ստիպողը` կյանքս՚- ասում էր, երբ իրենից հետաքրքրվում էին, թե ինչու որոշեց նկարել: Ինքն էլ գտավ այն հարցի պատասխանը, թե ինչպես պիտի իր հոգում ծնված հույզերն ու ապրումները հանձնի թղթին ու կտավին: Հաստ ռետինից մի օղակ պատրաստեց, որը հարմարեցնում էր թեւի ծայրին, ռետինի տակ տեղադրում էր մատիտը կամ վրձինը, սովորաբար փախչում-հեռանում էր աղմկոտ քաղաքից ու բնության գողտրիկ մի անկյունում սկսում նկարել: Որդիները հաճախ էին նրա հետ գնում, ուշի ուշով հետեւում, թե ինչպես է նկարում հայրիկը, նրանից սովորում էին, թե ինչպես պետք է ճանաչել ու սիրել հայրենի երկիրն ու բնաշխարհը: ՙԵս երբեք թեմաներ չեմ փնտրում,- հարցազրույցներից մեկում ասել է Աշոտը,- ինչպիսի ապրումներ ունենում եմ, այնպես էլ նկարում եմ: Զայրացած պահին փոթորկուն ծով եմ նկարում, հոգեկան անդորրի ժամանակª պայծառ բնանկարներ, որոնց միջից ասես լույս է շատրվանում, որովհետեւ մենք բոլորս այդ լույսի էության մասնիկներն ենք՚: Ինքն իրեն համարում էր թափառական նկարիչ: Ռեժիսոր Արա Վահունու ՙԱշոտ՚ ֆիլմը այս զարմանալի նկարչի մասին է, որ աշխարհին փորձում էր նայել իր պատուհանից (նրա գործերից մեկը այդպես էլ կոչվում է՝ ՙԻմ պատուհանը՚), արվեստի մեծ աշխահում ուզում էր բացել իր արահետը (այդպես էր վերնագրել Աշոտ Իսակովին նվիրված իր ֆիլմը ռեժիսոր Վահե եւորգյանցը): Հետո ծնվեցին նոր գործեր, որոնցում Աշոտի անհանգիստ հոգին այլ հարցերի պատասխաններ էր փնտրում, երկրայինի կողքին փորձում էր բացահայտել վերերկրայինի գաղտնիքները... 1994-ին ուշագրավ մի ցուցահանդես ունեցավ Լոս Անջելեսում. Հայ Բարեգործական Ընդհանուր Միության սրահում ներկայացված էին Աշոտ Իսակովի ավելի քան 30 աշխատանքներ: Ինքը չէր կարողացել մեկնել Միացյալ Նահանգներ, բայց մինչ ցուցահանդեսի բացումը ներկաները դիտեցին ՙԱրահետ՚ ֆիլմը, ճանաչեցին Աշոտին, հիացան նրա կամքով ու նկարագրով: Հաշվված ժամերի ընթացքում ներկայացված բոլոր աշխատանքները վաճառվեցին: ՙՆոր օր՚ եռօրյա թերթում կարդում ենք, որ նկարիչը ցուցահանդես-վաճառքի ողջ հասույթը փոխանցել է ՙԱրցախի պատերազմի այն որբերուն, որոնք կը հետեւին արուեստին՚... Ցուցահանդեսներ է ունեցել նաեւ Մոսկվայում, Սոֆիայում, Բուդապեշտում: Նրա մասին տպագրված բոլոր հոդվածները կինն ու որդիները խնամքով հավաքել, պահում են մի թղթապանակում: Աշոտ Իսակովի վառ կյանքի ուղին ընդհատվել է 1998-ի ապրիլի 23-ին. նկարիչը հանկարծամահ է եղել՝ անավարտ թողնելով ՙՀիսուսի խաչելությունը՚ գործը... -Հայրս կարողանում էր երկար անթարթ նայել արեւին: Ասես աչքերում ամբարում էր արեւի լույսը, որ հետո ինչ-որ հնարքով հանձնի կտավին: Նրա նկարներից լույս է հորդում: Իսկ երբ երկար եմ նայում նրա ծովանկարներին, ինձ թվում է, թե լսում եմ ալիքների խշշոցը,- ասում է նկարչի կրտսեր որդին՝ Արայ Իսակովը, որ նույնպես նկարում է եւ որոշ ժամանակ, հանգամանքների բերումով, ապրել է Հայաստանից հեռու: Նա Երեւանում է մի ցանկությամբ, որ այսօր հոր մահից շուրջ 22 տարի անց, մարդիկ ճանաչեն Աշոտ Իսակով նկարչին: Փետրվարի 26-ին Նկարչի տանը կբացվի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն Աշոտի 80-ից ավելի աշխատանքները գեղանկարներ, գրաֆիկական եւ ջրաներկ գործեր (ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ մարտի 1-ը): ՙԻնքնադիմանկար՚, ՙԼույսի ուխտավորը՚, ՙՓրկության տապան՚, ՙՋինջ լռություն՚, ՙՍուրբ Ծնունդ՚ եւ այլ աշխատանքների կողքին այցելուները կտեսնեն նաեւ ՙՀիսուսի խաչելությունը՚ անավարտ մնացած աշխատանքը... [b]ԳԱՅԱՆԵ ԵՆԳՈՅԱՆ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր