211652_close_icon
views-count3857 դիտում article-date 16:36 20-02-2020

Գործադիրը հավանություն տվեց ԵՄ-ի հետ 3 համաձայնագրերի. ընդհանուր գումարը 65 մլն եվրո է

Կառավարությունն այսօրվա նիստում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց միանգամից 3 միջազգային համաձայնագրերը: Առաջինը ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ-ն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի համար» ֆինանսավորման համաձայնագիրն է, որը, ըստ նրա բաղկացած է 5 մլն եվրո Սևանա լճի մաքրման, 3,7 մլն եվրո էներգոարդյունավետության համար, ևս 17 մլն եվրո հատկացվել է հարևանության ներդրումային հարթակ գործիքով: «Նպատակները Սևանի ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ենթակառուցվածքների բարելավումն է, էներգոարդյունավետության մասով օրենսդրության մոտարկումը: իսկ 17 մլն եվրոն լավ ծրագիր կլինի, որովհետև ամբողջությամբ պետք է հանդիսանա մանրածախ վարկերի գրանտավորման գործիք: ըստ էության, բազմաբնակարան շենքերի էներգախնայողության նպատակով իրականացվող բարենորոգման կամ նորոգման աշխատանքների համաֆինանսավորման նպատակով: Սևանի մասով համակարգող կլինի Շրջակա միջավայրի նախարարությունը, իսկ մյուս երկու բաղադրիչով՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը»,- ասաց փոխվարչապետը: Երկրորդ համաձայնագիրը «Տեղական դերակատարների հզորացում՝ զարգացման նպատակով» ֆինանսավորման համաձայնագիրն է: Առաջին բաղադրիչը համայնքների տնտեսական զարգացումն է՝ 10,1 մլն եվրո: «Սա ենթադրում է, որ պետք է բացահայտվեն և ձևավորվեն ակտիվ խմբեր, որոնք համայնքի համար իրականացնում են տնտեսական զարգացման այնպիսի ծրագրեր, որոնք նպաստում են բոլոր տնտեսավարողների բիզնեսի կամ նախաձեռնությունների զարգացմանը: Երկրորդ բաղադրիչը վերաբերում է աշխատանքային միգրանտների բիզնեսներին: Ըստ էության վերաբերում է այն անձանց, որոնք ուզում են վերադառնալ և բիզնես նախաձեռնություններ իրականացնել ՀՀ-ում: Նաև նախատեսում է տվյալ անձանց ընտանիքի անդամների բիզնես նախաձեռնությունների գրանտավորում և անձանց, որոնք ցանկություն ունեն մեկնել այլ երկիր աշխատելու, իրենց բիզնես նախաձեռնությունների գրանտավորմանը: Այս բաղադրիչը այս պահին 3,5 մլն եվրո է: Այն ենթադրում է 50 տոկոս համաֆինանսավորում: Սա կդիտարկենք որպես պիլոտային և եթե ծրագիրը լավ աշխատի, էլի աղբյուրներ կգտնենք»,- ասաց Մհեր Գրիգորյանը: Երրորդ համաձայնագիրը վերաբերում է SEPA-ի իրագործմանը, այսինքն ճանապարհային քարտեզին, որին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել. «Առաջին բաղադրիչը 18,7 մլն եվրո է կազմում, որը հենց համաձայնագրի կիրառման աջակցությունն է: Դա ենթադրում է բարձր մակարդակի փորձագետների ներգրավում ըստ ոլորտների: Երկրորդը՝ ԵՄ տների հանգույցների ձևւավորումն է, որը հիմնականում ունի տեղեկատվական և միջոցառումների կազմակերպման ֆունկցիա իրականացնելու տրամաբանություն: Այստեղ ևս 2 մլն եվրո հատկացնում է Արևելյան գործընկերության հարթակ գործիքը և ենթադրվում է քաղհասարակության աջակցություն՝ համաձայնագրի կիրարկման մոնիտորինգի համար: Սա իրականացնելու է ԵՄ Հայաստանի գրասենյակը: Երրորդ բաղադրիչը որակի ենթակառուցվածքների բարելավումն է՝ 4 մլն եվրո, չափագիտական լաբորատոր հզորությունների արդիականացում և փորձագիտական աջակցություն: Դա ըստ էության, ենթակառուցվածք է, որը նպաստելու է Եվրոպա արտահանման խթանմանը: Ընդհանուր բյուջեն 65 մլն եվրո է, որը կրկնակի ավել է քան 2018 թվականին»,- ասաց փոխվարչապետը՝հավելելով, որ բոլոր երեք համաձայնագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 65 մլն եվրո: Մհեր Գրիգորյանը ընդգծեց, որ խոսքը 2019-ի համագործակցությանն է վերաբերում. «Մենք հիմա 2019-ի ամփոփումն ենք անում: 2020 թվականի համաձայնագրերի բյուջեն ավելին կլինի, քան 2019-ինը»:

Նմանատիպ նյութեր