2200 դիտում
20:12 14-02-2020
Նիկոլ Փաշինյանն առաջիկայում պաշտոնական այցով կմեկնի Մոլդովա
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Մյունխենից, հանդիպմանը հայկական կողմից մասնակցում էին ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը, վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Ծովինար Համբարձումյանը։
Ողջունելով Մոլդովայի նախագահին՝ ՀՀ վարչապետը նշեց, որ շատ ուրախ է այս հանդիպման առթիվ։ Նա նկատեց, որ հաճախակի են հանդիպում տարբեր միջազգային միջոցառումների, նիստերի ընթացքում։ «Հայաստանի ու Մոլդովայի հարաբերությունները քաղաքական բարձր մակարդակի վրա են, ինչը շատ ողջունելի է։ Նկատվում է ինտենսիվություն երկկողմ շփումներում, սակայն նույնը չենք կարող ասել տնտեսական մակարդակում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այս հարթությունում զգալի անելիքներ կան, անհրաժեշտություն համարեց բիզնես ֆորումի, տարբեր միջոցառումների կազմակերպումը, որպեսզի գործարարները հնարավորություններ գտնեն տնտեսության ոլորտն աշխուժացնելու։ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է առաջիկայում պաշտոնական այցով մեկնել Մոլդովա։ Նա նշեց, որ մինչ այդ կհստակեցվի օրակարգն՝ այցն առավել արդյունավետ դարձնելու համար։
Տնտեսական երկկողմ ցուցանիշները չեն գոհացնում նաև Մոլդովայի նախագահին։ Կիսելով իր գործընկերոջ կարծիքը՝ նա նշեց, որ համատեղ ակտիվ պետք է աշխատել առևտրաշրջանառությունը, տնտեսական փոխգործակցությունն ակտիվացնելու համար։
«Պարոն վարչապետ, շատ ուրախ եմ այս հանդիպման կապակցությամբ։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ձեզ սպասում ենք Մոլդովայում։ Անհրաժեշտություն կա անցկացնել միջկառավարական նիստ, գործարար հանդիպումներ, որը կարծում եմ, խթան կլինի տնտեսական հարաբերություններին»,-ասաց Իգոր Դոդոնը։ Նա տեղեկացրեց, որ փետրվարի վերջին սպասվում է Մոլդովայի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան։
Նմանատիպ նյութեր
686 դիտում
14:45 08-12-2014
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը պաշտոնական այցով կմեկնի Մոլդովա
631 դիտում
19:02 31-05-2023
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Մոլդովա
6379 դիտում
23:13 26-02-2022
Նիկոլ Փաշինյանն ապրիլին պաշտոնական այցով Ռուսաստան կմեկնի
Այս բաժնից
562 դիտում
16:14 02-05-2024
Ավելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա