7204 դիտում
19:14 14-02-2020
Մենք պետք է հասկանանք, թե մեզ ինչ մոդելի բանակ է պետք. փաստաբան Նորայր Նորիկյան
[url=https://www.lragir.am/2020/02/14/518064/?fbclid=IwAR2lJPFxnEJLTnK6RlSuwpdqlU73FwXwN_YU9KS0UQ7e7dSK4knQE8DXe_A]Lragir.am[/url]-ը գրում է.
[u]Մեր զրուցակիցն է փաստաբան Նորայր Նորիկյանը[/u]
[b]Պարոն Նորիկյան, բանակում տարվա սկզբից 10 զոհ ունենք, թեև տարեսկզբին վարչապետը նշում էր, որ բանակում մահերի քանակով պատմական մինիմումի ենք հասել։ Սա ինչի՞ մասին է խոսում, տեսակետ կա, որ պատշաճ վերահսկողություն չկա։[/b]
Յուրաքանչյուր բանակ ապահովագրված չէ դժբախտ պատահարներից։ Հասարակությունում, որևէ միջավայրում դժբախտ պատահարներից որևէ մեկն ապահովագրված չէ։ Խոսքն այդ մասին չէ, խոսքը զինված ուժերի տարբեր զորամասերում տիրող բարոյահոգեբանական վիճակի մասին է, որը ծնում է այսպիսի դեպքեր։ Իմ կարծիքով, խաղաղ պայմաններում, երբ չկան մարտական գործողություններ, սահմանում հարաբերական անդորր է, զինված ուժերի սպայական կազմը առավել քան իր ուժերի գերլարումով պետք է ամեն ինչ անի զորամասերում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման ուղղությամբ, ինչը կնպաստի այսպիսի հոգեբանական բացասական ազդեցությունների վերացմանը, որոնց արդյունք են հանդիսանում այսպես կոչված ինքնասպանության հասցնելու հանգամանքերը։ Իմ բոլոր ուսումնասիրությունները, տարիների փորձը, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի բովանդակության ուսումնասիրությունը հնարավորություն է տվել հանգելու համոզման, որ բոլոր դեպքերում, այսպես կոչված ինքնասպանությունները կամ զինծառայողների միջև կանոնադրական հարաբերությունների պարզաբանումը պայմանավորված է պատժի ու արժանապատվության ստորացման, ծեծի, բռնության, հայհոյանքի, աման լվանալու, անկողին լվանալու, դիրքերում քնելու հանգամանքներով։ Այսինքն հանգամանքների հայտնի շրջանակ է, և պետք է դրանց վերացման ուղղությամբ աշխատի զինված ուժերի անձնակազմը։
Բայց ոչ միայն զինված ուժերի անձնակազմը։ Սա համալիր խնդիր է, ես կարծում եմ, որ զինված ուժերում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման նոր ռազմավարություն պետք է մշակել ու գործի դնել, որում պետք է ներգրավվի ոչ միայն ԶՈՒ անձնակազմը, այլև բուհական համակարգը, կրթական այլ հաստատություններ, մշակութային օղակները, հասարակությունն իր տարբեր շերտերով։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես այդ ողբերգությունների շղթան կտրելու համար ԶՈՒ հենասյունը հանդիսացող սպայական կազմի մտածողության մեջ պետք է արմատական փոփոխություններ կատարվեն։ Ցավոք սրտի, այնպիսի զգացողություն է, որ ինչ-որ մարդկանց համար սա սովորական երևույթ է։ Ասում են՝ բա նորմալ է, բանակում պետք է լինեն այսպիսի դեպքեր։ Ես կտրականապես դեմ եմ այդ ընկալմանը և կարծում եմ, որ ճիշտ հակառակը, հենց բանակը այն հաստատությունն է, որ կանոնակարգվում է հստակ կանոնակարգերով, զինվորական խիստ հիերարխիկ հրաման տալու և հրաման կատարելու կանոններով, և այդ պայմաններում պետք է այնպես արվի, որ որևէ զինծառայող ազատ չմնա, նրա ամեն ժամը հագեցած լինի օրենքով սահմանված կարգով ինչ-որ գործողություններով, ինչը կզրկի նրան զբաղվել այլ հանգամանքներով։
[b]
Շատերն են նշում, որ քրեական ենթամշակույթն առկա է նաև բանակում։ Ընդհանրապես քրեական ենթամշակույթի դեմ ուղղված օրենքը, որ ընդունվեց վերջերս, կարո՞ղ է կենսունակ լինել։ Որքանո՞վ այն կարող է կանխել միջադեպերը բանակում։[/b]
Բանակն ունի իր չգրված բարքերը, որտեղ միմյանց միջև հարաբերությունները կարգավորվում են ոչ միայն քրեական ենթամշակույթին հարիր բարքերով, այլ նաև կան առանձնահատկություններ, որոնք բուն քրեական ենթամշակույթի մեջ չտեղավորվող հարաբերություններ են։ Բայց որ դրանք հանցավոր բարքեր են, ապօրինի բարքեր են, դրա մասին երկրորդ կարծիք լինել չի կարող։ Իհարկե, քրեական ենթամշակույթի մասին օրենքը և դրա կիրառումը կարող է իր որոշակի ազդեցությունն ունենալ, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ բարքերը բանակ են ներթափանցում տարբեր դրսևորումների միջոցով։ Հենց այդ դրսևորումների դեմը պետք է առնել, իսկ դրա դեմ առնել հնարավոր է միայն ու միայն զրինված ուժերի տարբեր զորամասերում բացառապես զինվորական կանոնագրքերին համապատասխան հասարակական հարաբերություններ հաստատելու միջոցով։ Եթե զորամասերում ցանկացած խնդիր լուծվի կանոնագրքերով, իրավական ակտերով, օրինական տրված հրամանների միջոցով, այդ ոչ ֆորմալ ինստիտուտները, բարքերը պահանջարկ չեն ունենա։ Այսինքն պետք է գտնել այդ բջիջը, այդ մետաստազը և ոչնչացնել։ Սա համալիր գործընթաց է, որը պայմանավորված է սպայական կազմի ինտելեկտուալ կարողություններով, հրամանատարական կազմի ղեկավարման, կառավարման հմտություններով։ Շատ բան կախված է զորամասի հրամանատարից. Ինչպիսի կառավարում, ղեկավարում իրականացրեց զորքում, այնպիսի բարոյահոգեբանական կտիրի զորքում։
[b]Երբ պարզվեց, որ կա անգամ «էլիտար» զորամաս, ձեզ համար սա անակնկա՞լ էր։ Ընդհանրապես նման զորամասեր ունենալու հանգամանքն ինչի՞ մասին է խոսում։[/b]
Սա խոսում է այն մասին, որ կոնցեպտուալ առումով մեր հանրային կյանքի մի շարք ոլորտներում, այդ թվում զինված ուժերում, չեն իրականացվել կամ իրականացվում պատշաճ բարեփոխումներ, և երկրում պետք են հեղափոխական արժեքներին համահունչ գործողություններ, որոնք ուղղված կլինեն որակապես նոր հասարակություն և զինված ուժերում որակապես նոր մթնոլորտ ձևավորելուն։ Ցավով եմ արձանագրում, որ իներցիոն այն մտայնությունը, որ կար մինչև իշխանափոխությունը ՀՀ զինված ուժերում, մեծ հաշվով, չի փոխվել։ Աշխատավարձերի բարձրացումը, սոցիալական ինչ-որ խնդիրների լուծումը, սննդի բարելավումը դրանք շատ անհրաժեշտ բաներ են, բայց խորքային առումով մենք պետք է հասկանանք, թե մեզ ինչ մոդելի բանակ է պետք, զինված ուժերն ինչպիսի առաքելություն պետք է իրականացնեն, այդ առաքելությունն իրականացնելու փուլում իրենք ինչպիսի բարոյահոգեբանական վիճակում պետք է գտնվեն։ Ամենակարևոր խնդիրը, որի վրա կուզենայի ուշադրություն հրավիրել, պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը պետք է գործի բոլորի համար։ ՀՀ օրենքները շարքայինից մինչև գեներալի համար պետք է գործեն անխտիր։ Մենք ամեն տարի մի քանի գեներալական ուսադիրներ ենք բաշխում տարբեր զինվորականների, բայց լավ կլիներ, որ հաշվետվողականության ինստիտուտն էլ շռնդալից լիներ, որ մարդիկ հասկանային, թե ինչի համար են տրվում այդ կոչումները, այդ կոչումներ ստացող անձինք ինչպիսի գործունեություն են ծավալել, ինչ արդյունքներ են գրանցել։ Զինված ուժերում պետք է մարդիկ նաև հստակ պատասխանատվության ենթարկվեն իրենց բացթողումների համար, մի քանիսը ուղղակի հեռացվեն զինված ուժերից և ընդհանրապես, զինված ուժերը պետք է զգաստանան, ի վերջո։
Նմանատիպ նյութեր
3966 դիտում
13:23 20-11-2019
«Գոնե Լիսկային մի ծիծաղեցրեք մեզ վրա». Նորայր Նորիկյան
Այս բաժնից
898 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»