211652_close_icon
views-count112414 դիտում article-date 21:20 07-02-2020

Խոշոր հրդեհ Արարատի մարզում. կրակը րոպեների ընթացքում անասնագոմը վերածեց մոխրի, որտեղ սատկել են կովերը, ցլերը, հորթը, խոզը, խոճկորները. Մարզպետի ներկայացուցիչն ասում էր. «Քարը տրաքի՝ մարզպետը 100 հազար դրամով օգնի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավշար գյուղի Իսահակյան փողոցի 23 հասցեում գտնվող անասնագոմում հրդեհ է բռնկվել, իսկ անասնագոմում էլ կան անասուններ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև՝ թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը, քաղաքացիները փորձել են հսկայական կրակի դեմ իրենց ուժերով պայքարել: Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարում էր մարզային փրկարարական վարչության պետ Մուրադ Մարգարյանը: Հրշեջներն ու գյուղացիները, մարելով կրակը, անասնագոմում հայտնաբերել են սատկած 5 հատ կով, 8 հատ ցուլ, 1 հատ հորթ, 1 մայր խոզ, 7 հատ խոճկորներ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Մաթևոսյանը և ոստիկանության Արարատի բաժնի պետ Սամվել Խմելյանը: Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Աբրահամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո: Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ անասնագոմը գտնվում էր նույն գյուղի բնակիչ, 31-ամյա Կարեն Աբրահամյանին պատկանող տան հետնամասում: Դեպքի վայր է ժամանել նաև Արարատի մարզպետարանի ներկայացուցիչը, ով սակայն հայտնեց, որ մարզպետարանը եթե օգնի՝ «քարը տրաքի» մի 100 հազար դրամով, մինչդեռ տուժած քաղաքացին կրել է 25-30 մլն դրամի վնաս ու ոչ միայն կորցրել է անասուններ, այլև անասնագոմի տանիքում պահեստավորված մոտ 800 հակ խոտ: Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Ընտանիքը, որ տուժեց այս հրդեհից, գյուղում հարգված մարդկանցից են ու գտնվում են սոցիալապես անապահով վիճակում: Վարկային կազմակերպությունից վարկ էր վերցրել և առավոտից իրիկուն «կռիվ տալով» աշխատում էր: Մեզ համար անհասկանալի է, թե ինչպես կրակի մատնվեց անասնագոմը: Բոլոր անասունները սատկել են, այդ թվում՝ մի քանի մայրացուներ: Ուզում ենք հավատալ, որ մարզպետարանը ն ու կառավարությունը օգնության ձեռք կմեկնեն, բայց մարզպետարանի ներկայացուցիչն ասեց, որ մարզպետը հնարավորություն չունի: Ստացվում է՝ գյուղացին, ով իր հանապազօրյա հացը վաստակում է առավոտից իրիկուն քրտնաջան աշխատելով՝ հիմա մնալու է միայնակ: Գոնե գտնվեն բարի կամեցող մարդիկ և այս ընտանիքին օգնության ձեռք մեկնեն: Ուզում ենք այդ մի հարցում հավատանք, որ կգտնվեն նմանատիպ մարդիկ, հակառակ դեպքում՝ մարդ հաստատ մինչև խելագարություն կհասնի:» [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 124+
124+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր