211652_close_icon
views-count7680 դիտում article-date 18:14 03-02-2020

ՀՔԱՎ փաստաբանը միջնորդել է վերսկսել զինծառայողի մահվան գործով կասեցված վարույթը և մի շարք քննչական գործողություններ կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2020 թ․ հունվարի 30-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը միջնորդել է վերսկսել 2018-ին մահացած զինծառայող Մարտին Խաչատրյանի գործով վարույթը և մի շարք քննչական գործողություններ կատարել։ Մ․ Խաչատրյանը մահացել էր 2018 թ․ մայիսի 22-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրքում որովայնի շրջանում ստացած հրազենային վիրավորումից։ Նույն օրը քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը), իսկ 2019-ի հոկտեմբերի 15-ին քրեական գործի վարույթը կասեցվել էր՝ որպես մեղադրյալ ներգրավվելու ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով։ ՀՔԱՎ փաստաբան Արայիկ Զալյանն ստանձնել է տուժողի իրավահաջորդի իրավունքների պաշտպանությունը։ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչության ՀԿԳ քննիչ Հ․Ավետիսյանին ներկայացված միջնորդությամբ Ա․ Զալյանն արձանագրել է, որ նախաքննությունն իրականացվել է թերի, առկա են հակասություններ (այդ թվում՝ քրեական գործը կասեցնելու որոշման և իրականացված փորձաքննությունների եզրակացությունների միջև) ու պարզաբանման ենթակա հարցեր, որի համար անհրաժեշտ է վերսկսել գործի վարույթն ու իրականացնել դրանց պարզաբանմանն ուղղված քննչական գործողություններ։ Թերություններ կան նաև մյուս հետազոտություններում. ինքնաձիգի ձգան-բռնակից վերցված քսվածքից փորձաքննությունն արձանագրել է, Մ․ Խաչատրյանից բացի, ևս մեկ անձի առկայություն, բայց վարույթն իրականացնող մարմինը չի փորձել պարզել՝ ով է այդ երկրորդը։ Պատշաճ չի հետազոտվել Մարտին Խաչատրյանի հեռախոսի տեղեկատվությունը, չեն վերծանվել զանգերը, որը էական նշանակություն կարող էր ունենալ։ Չեն վերծանվել նաև գործով իրավական կարգավիճակ ունեցող և նույն մարտական դիրքում նրա հետ ծառայություն իրականացրած անձանց զանգերը։ Ուշագրավ է, որ ինքնասպանություն որակված գործով չեն իրականացվել դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննություններ՝ պարզելու նրա բարոյահոգեբանական վիճակը։ Էական հակասություններ կան դատաբժշկական փորձաքննության ու քրեական գործի վարույթը կասեցնելու որոշման միջև․ չնայած փորձաքննությամբ արձանագրվել է, որ կրակոցը կարող է արձակված լինել ընդհուպից մինչև 25-30 սմ հեռավորությունից՝ վարույթն իրականացնող մարմինը հիմք է ընդունել փորձագետի եզրակացության մի մասը և արձանագրել, որ կրակոցն արձակվել է ընդհուպ հեռավորությունից։ Մինչդեռ մյուս հավանական հեռավորությունը հիմք ընդունելու դեպքում այլ հարցեր են առաջ գալիս, մասնավորապես՝ թե ինչպես է հնարավոր ինքնասպանություն գործել՝ ձեռքը հասցնելով ձգանին և միևնույն ժամանակ զենքը պահել 25-30 սմ հեռավորության վրա։ Խնդրահարույց են նաև զենքը պահելու դիրքի մասին քրեական գործի նյութերում առկա տվյալները։ ՀՔԱՎ փաստաբան Ա․ Զալյանը միջնորդությամբ արձանագրել է, որ այս հարցերին սպառիչ և հիմնավորված պատասխաններ տալու համար անհրաժեշտ է վերսկսել գործի վարույթն ու ձեռնարկել համապատասխան քննչական գործողություններ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/02/02/1146438/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, երեկ՝ փետրվարի 2-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզում: Հայթաղ գյուղը մեկ մարդու նման դուրս էր եկել փողոց և պահանջում էր հստակ պատասխան իրենց գյուղից բանակ մեկնած ու կասկածելի հանգամանքներում մահացած 19-ամյա զինվորի մահվան փաստով: Հայթաղցիներին միացել էին նաև հարևան գյուղերից մեծ թվով բնակիչներ, ովքեր ասում էին. «Մենք պայքարում ենք նրա համար, որպեսզի իրական հանցագործը կամ հանցագործները հայտնաբերվեն, որպեսզի հետագայում նման կասկածելի ու ողբերգական դեպքեր տեղի չունենան: Արդեն քանի օր է, փորձում են մեր կանջներին լապշա կախել, թե տեղի ունեցածը ինքնասպանություն է: էդ ի՞նչ լոլոներ եք կարդում, էդ ո՞ւմ եք ուզում համոզեք, որ գյուղը սիրող, հայրենիքը սիրող, տունտեղը սիրող զինվորը պետք է ինքնասպան լիներ: Ի՞նչ ինքնասպանության մասին է խոսքը: Ակնհայտ է, որ տեղի է ունեցել սպանություն»: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Էջմիածին քաղաքի մուտքի մոտ ոստիկանության մեծ թվով ծառայողներ փակել էին ճանապարհը և արգելում էին, որպեսզի մարդիկ դի տեղափոխող ավտոմեքենայով շարժվեն Երևան: Մարդիկ, տեսնելով, որ ոստիկանները թույլ չեն տալիս դի տեղափոխող ավտոմեքենան տեղաշարժվի, դագաղը դուրս էին բերել ավտոմեքենայից ու արդեն մոտ 2 կիլոմետր դին տեղափոխել էին ոտքով Երևան: Բոլորը միաբերան պնդում էին, որ ստիպված են այս ակցիան անում, որպեսզի իրականությունը բացահայտվի։ Ակցիայի մասնակիցներին էին մոտեցել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու Ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արթուր Բաղդասարյանը: Դ. Տոնոյանը առաջարկել էր, որպեսզի ավագ սերնդի մի քանի ներկայացուցիչների հետ քննարկեն խնդիրը՝ ասելով. «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այս գործը իմ հսկողության տակ է: Ոչ մի բան չի կոծկվելու և իրականությունը ջրի երես է դուրս գալու ու մեղավորները օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության են ենթարկվելու»: Մի քանիսը ընդդիմացել էին նախարարին՝ ասելով, որ տեղ չկա հավատալու, քանի որ արդեն քանի օր է, կեղծ տեղեկություններ են տարածում, որ զինվորը ինքնասպան է եղել: Ոտքով երթը Երևան շարունակվել էր, իսկ ոստիկանության աշխատանքները տեղում ղեկավարում էին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զոհրաբյանը: Ուժեղացված ծառայության էին կատարում նաև ճանապարհային ոստիկանները: Նրանց աշխատանքները տեղում ղեկավարում էին ՀՀ ՃՈ պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը և ՃՈ 2 սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանը: Ավելի ուշ մահացած զինվորի հարազատները, բարեկամները, ընկերներն ու ակցիայի մասնակիցները համաձայնության էին եկել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ ու դադարեցրել էին բողոքի ակցիան և վերադարձել գյուղ, որտեղ պետք է տեղի ունենար զինվորի հուղարկավորությունը: Ակցիայի մասնակիցներն ասել էին, որ իրենք մեծ հարգանք ունեն Դավիթ Տոնոյանի նկատմամբ ու հավատում են, որ այդ հարգանքը կպահպանվի ու կմնա ընդմիշտ: Նրանք ասել էին նաև, որ նախարար Դ. Տոնոյանը իրենց ասել է, որ ինքը նույնպես մասնակցելու է հուղարկավորությանը և զինվորի մահվան փաստով արդեն 3 հոգի ձերբակալվել են: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր