6776 դիտում
16:46 30-01-2020
179 հաստիք թափուր է․ Կառավարությունը 30 տոկոսով բարձրացրեց ՔԿՀ-ներում աշխատակիցների աշխատավարձը
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 30 տոկոսով բարձրացնել ՔԿՀ-ների աշխատակիցների աշխատավարձը:
Որոշման նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Վերջինս նշեց, որ ներկայումս 179 հաստիք թափուր է ՔԿՀ-ներում, որի գերակշռող մասը` 112 հաստիք, կազմում են քրեակատարողական հիմնարկի առաջատար և կրտսեր խմբի պաշտոնները, որոնք ամենավտանգավորն ու ամենառիսկային աշխատանքներն են կատարում, և որոնք ամենախոցելին են կոռուպցիոն ռիսկերի և քրեական ենթամշակույթի դեմ պայքարի հարցերում:
Նախարարի խոսքով, այս որոշման հիմքում նաև քրեական ենթամշակույթի հաղթահարման կառավարության որդեգրած քաղաքականությունն է:
«Կրտսեր անձնակազմի աշխատակիցը ներկայումս ստանում է 150 հազար 470 դրամ և կատարում է ամեռնառիսկային աշխատանքը, իսկ ՔԿՀ պետը մոտ 317 հազար դրամ և պարգևատրման գումարն էլ մոտ 411 հազար դրամ է»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ՔԿՀ-ներում կա նաև հոգեբանների ու հոգեբույժների կարիք, ինչը ևս աշխատավարձի հետ է կապված:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրավապահ համակարգը նոր տեմպով և թափով պետք է աշխատի, նա նաև կարևորեց քրեակատարողական հիմնարկների սննդի կազմակերպման նոր կարգը. «Ըստ պաշտոնական տեղեկությունների, այն ՔԿՀ-ներում, որտեղ սնունդը նոր կարգով է տրամադրվում, կալանավորների մոտ 100 տոկոսն օգտվում է այդ ծառայություններին: Նախկին համակարգում շատ վատ վիճակ էր, և նախկինում 10-20 տոկոսն էր երևի օգտագործում ՔԿՀ-ի սնունդը: Սա նաև դատապարտված և կալանավորված անձանց ընտանքիների համար սոցիալական բեռի էական թեթևացում է: Այսօր ՔԿՀ-ում ունենք բազում թափուր աշխատատեղեր: Պատճառն այն էր, որ աշխատավարձերը ցածր է, ռիսկայնությունը՝ բարձր»,- ասաց նա և նշեց, որ այս որոշմամբ դե ֆակտո նոր աշխատատեղեր են ստեղծում:
Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ այս տարվա ամռանից ՀՀ բոլոր 12 ՔԿՀ-ներում կանցնեն սննդի տրամադրման նոր կարգին:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հարց բարձրացրեց, որ ճիշտ կլինի, որ այդ ծախսը արվի ներքին վերաբաշխումների ճանապարհով, ոչ թե բյուջեի եկամուտների ավելացման:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Մենք պայմանավորվել ենք սկզբում, որ ոլորտում առկա գումարների մեջ վերաբաշխում ենք անում հիմիկվանից խնդիրը լուծելու համար, որ պահին տեսնենք, որ լրացուցիչ հատկացում անելու կարիք կա, դա կանենք, այդ սկզբունքը պետք է պահվի»:
Աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ այդ հանձնարարականը մոտ երկու շաբաթ առաջ շրջաբերականով բոլոր մարմիններին ուղարկվել է և վարչապետն արձագանքեց. «Էդ էլ հո կուլտուրա է, որ հանձնարարականը շրջաբերականով ուղարկում ենք, բայց կյանքը իրա համար հին ձևով պտտվում է»:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ սա ուղղակի տեխնիկական խնդիր է, որ այս ծախսը 2020-ի բյուջեում չի նախատեսվել, բայց հաշվի առնելով արդարադատության ծախսերի կառուցվածքը և նաև նախորդ տարվա կատարողականը, գիտենք, որ այս գումարի կարիքը լինելու է:
Վարչապետը պնդեց իր խոսքը. «Երբ ասում եք, որ այդ գումարի կարիքը վստահաբար լինելու է, մենք էլ ասում ենք՝ երբ կլինի կարիքը, կտանք էդ գումարը, իսկ հիմա դա արեք ներքին վերաբաշխումների հաշվին: Հանձնարարականը տրված է, հանձնարարականը պետք է կատարվի, քննարկման բան նույնիսկ չկա, և ես Ձեզ ձայն նույնիսկ չեմ տալիս, պարոն Բադասյան»,- ասաց վարչապետը:
Ի վերջո, որոշվեց, որ աշխատավարձերի բարձրացումը կարվի ներքին վերաբաշխումներով:
Նմանատիպ նյութեր
23757 դիտում
12:44 26-09-2019
Կառավարությունը բարձրացրեց փրկարարների աշխատավարձը․ 80 հազարից՝ 130 հազար դրամ
891 դիտում
12:20 28-09-2022
Վճռաբեկ դատարանի վարչական պալատում առկա է դատավորի թափուր հաստիք. ովքե՞ր կարող են հավակնել դրան. ԲԴԽ
1575 դիտում
23:05 10-10-2022
ՀՀ բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական դպրոցներում առկա է ուսուցչի 220 թափուր հաստիք. ԿԳՄՍՆ
Այս բաժնից
898 դիտում
20:12 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ
838 դիտում
19:56 29-11-2024
Քննարկվել է ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող հողմային էլեկտրաէներգիայի արտադրության ծրագիրը
589 դիտում
19:29 29-11-2024
Արարատ Միրզոյանն ու Յան Յոակիմ Ստրանդը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության հարցերը