211652_close_icon
views-count1605 դիտում article-date 23:05 10-10-2022

ՀՀ բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական դպրոցներում առկա է ուսուցչի 220 թափուր հաստիք. ԿԳՄՍՆ

Սահմանամերձ բնակավայրերում մանկավարժների բացը լրացնելու համար դեռևս 2021 թ. հունվարից ուժի մեջ է մտել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանը, որով սահմանվել է սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ մասնագետների գործուղման վերաբերյալ կարգը:

Ինչպես հայտնում են նախարարությունից, այդ նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը գործարկել է բարձրլեռնային և սահմանամերձ համայնքներ ուսուցիչների գործուղման էլեկտրոնային համակարգը:

Էլեկտրոնային համակարգում մարզպետարանները ներկայացնում են իրենց մարզում առկա մանկավարժների պահանջարկը: Շտեմարանում այս պահին գրանցված է ՀՀ բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական դպրոցներում առկա 220 ուսուցչի թափուր տեղ: Առցանց հարթակում նշված են մարզը, բնակավայրը, դպրոցը, առարկայի անվանումը, թափուր ժամերի քանակը և դրան համապատասխան վարձատրության չափը, ուսումնական հաստատության հետ կապ հաստատելու կոնտակտային տվյալները և այլն:

Սահմանամերձ բնակավայրերում աշխատելու ցանկություն ունեցող մասնագետները, որոնք բավարարում են ուսուցչի որակավորման սահմանված չափանիշներին, կարող են առցանց գրանցվել` նշելով նախընտրելի դպրոցը և մասնագիտությունը:

Գործուղվող ուսուցիչներին պետությունը սոցիալական երաշխիքներ է առաջարկում` պայմանների բարելավմամբ:

Ներկայում ՀՀ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներում աշխատում են գործուղված 15 ուսուցիչներ:

Գործուղված մասնագետներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին տվյալ ուսումնական հաստատությունը լրացուցիչ հատկացնում է՝

իր և իր ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը` միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով: Բնակավայրի համար երթուղու բացակայության դեպքում հիմք է ընդունվում ամենամոտ բնակավայրի համար սահմանված սակագինը,

իր և իր ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը` մինչև 50 կիլոմետր ճանապարհի համար` 10.000 դրամ, 50 կիլոմետրից ավելի յուրաքանչյուր մինչև 50 կիլոմետրի համար` 8.000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50.000 դրամը,

տարեկան 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս,

բնակարանային վարձ՝ ըստ մարզերի` 10-24 հազար ՀՀ դրամ գյուղական և 13-34 հազար ՀՀ դրամ քաղաքային բնակավայրի համար,

կոմունալ ծախսերի համար՝ ամսական 10.200 ՀՀ դրամ,

աշխատավարձի հավելում` աշխատավարձի 30 տոկոսի չափով։

Վերոնշյալ հատկացումները տրամադրվում են մարզպետարանների (նախարարության ենթակայությամբ գործող հաստատության դեպքում՝ նախարարության)  կողմից՝ եռամսյակային կտրվածքով։

Գործուղված մասնագետը չի կարող միևնույն հաստատություն գործուղվել երկու անգամից ավելի։ Նրա հետ աշխատանքային պայմանագիր է կնքվում առավելագույնը երկու տարով:

Նշվում է նաև, որ գործուղված մասնագետները կարող են միաժամանակ օգտվել հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգից՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ մարզերի հանրակրթական այլ դպրոցներում աշխատանքային պայմանագրեր կնքելու դեպքում։

Նմանատիպ նյութեր