211652_close_icon

ԲԴԽ-ի և շվեդ գործընկերների համատեղ աշխատաժողովին քննարկվել են մեդիայի հետ համագործակցության ամրապնդման ուղղությունները

views-count544 դիտում article-date 12:25 10-11-2025
ԲԴԽ-ի և շվեդ գործընկերների կազմակերպած լրագրողների համար նախատեսված աշխատաժողովի երկրորդ օրը քննարկվել են դատական նիստերի լուսաբանման առանձնահատկությունները։

 Շվեդական կողմը, ներկայացնելով դատավարության լուսաբանման ընդունված կարգն ու սահմանափակումները, լսել է հայ լրագրողների կարծիքներն ու պատասխանել նրանց հետաքրքրող համեմատական բնույթի հարցերին։

  ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցն անդրադարձել է շվեդ գործընկերների աջակցությամբ ԲԴԽ-ի մշակված և շուրջ մեկ տարի գործող դատական իշխանություն-լրագրողներ հաղորդակցությունը կանոնակարգող որոշմանը՝ լսելով ԶԼՄ ներկայացուցիչների տեսակետները և կարգի վերաբերյալ առաջարկները։

 Դատական դեպարտամենտի ներկայացուցիչները պատասխանել են լրագրողների բարձրաձայնած գրավոր հարցումներին առնչվող մանրամասների։

   Դեպարտամենտի մամուլի ծառայությունը աշխատաժողովի մասնակիցներին է ներկայացրել 2024 թվականի դեկտեմբերից 2025 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում դատական իշխանությանն առնչվող մամուլի մշտադիտարկման արդյունքների վերլուծությունը։

      Ընդհանուր առմամբ՝ մամուլում դատական իշխանության վերաբերյալ արձանագրվել է 1,745 հիշատակում, որոնցից 238-ը (13.6%) պաշտոնական հաղորդագրություններ են, իսկ 1,507-ը (86.4%)՝ լրագրողական նյութեր։

   Լրագրողների հեղինակած հրապարակումներում գերակշռել են փաստաբանների մեկնաբանությունները։ Վերլուծության համաձայն՝ դատական թեմաներով հրապարակումների 45%-ը եղել է ուշադրություն հրավիրող սկանդալային վերնագրերով, 35%-ը՝ չեզոք տեղեկատվական, և միայն 12%-ը՝
վերլուծական:

  Արձանագրվել է նաև դատավորների պիտակավորման տարածված պրակտիկան, որը հանրային ընկալման ձևավորման հարցում կողմնորոշիչ դեր ունի, ինչպես նաև ազդում է դատավորի հեղինակության վրա։
   
     Ըստ վերլուծության՝ դատավորների՝ մամուլում ներկայացվածության սահմանափակումները պայմանավորված են քաղաքական զսպվածություն և չեզոքություն պարտադրող էթիկայի կանոններով, մասնագիտական վարքագծի կանոնակարգով, որն արգելում է մեկնաբանություններ կամ տեսակետներ հայտնել քննվող գործերի վերաբերյալ, ինչպես նաև՝ մամուլի հետ հաղորդակցվելու փորձի պակասով։

     Արձանագրվել են նաև դրական միտումներ․
Բարձրագույն դատական խորհուրդը ապահովել է իր որոշումների, իրավական փաստաթղթերի հրապարակման օպերատիվությունը. կարգապահական վարույթները հրապարակվել են առանց տեխնիկական կամ մոնտաժային միջամտության, իսկ պաշտոնական հաղորդագրությունները՝ չեզոք ոճով։
 
  Աշխատաժողովը եզրափակվել է լրագրողներին հանձնված հավաստագրերով։

Նմանատիպ նյութեր