211652_close_icon
views-count909 դիտում article-date 12:20 28-09-2022

Վճռաբեկ դատարանի վարչական պալատում առկա է դատավորի թափուր հաստիք. ովքե՞ր կարող են հավակնել դրան. ԲԴԽ

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանի վարչական պալատում առկա է դատավորի թվով 1 թափուր հաստիք, անհրաժեշտություն է առաջացել հրապարակել հայտարարություն Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը համալրելու վերաբերյալ, այս մասին հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհուրդը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 132-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով՝

1) համապատասխան մասնագիտացման դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.
2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.

3) այն անձը, որը՝
ա) ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և վերջին 10 տարիների ընթացքում առնվազն 8 տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանդել է իրավունք կամ գիտական աշխատանք է կատարել գիտական հաստատությունում, կամ
բ) ունի վերջին 12 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն 10 տարվա փորձառություն:

Օրենսգրքի 132-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 2-րդ մասի 2-3-րդ կետերում նշված անձն իրավունք ունի ընդգրկվելու դատավորների թեկնածուների ցուցակում, եթե բավարարում է սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված անձի դեպքում նրա լիազորությունները չեն դադարել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքով:

Օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հայտարարության հրապարակումից հետո` երկշաբաթյա ժամկետում, սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձինք առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու մասին կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ:

Օրենսգրքի 132-րդ հոդվածի 4.1-ին մասի համաձայն՝ սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված անձը դիմումին կցում է բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը: (Հարցաթերթիկը լրացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել հետևյալ հղումով, իսկ հարցաթերթիկը լրացնելու կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով, և հետևելով հարցաթերթիկի էլեկտրոնային լրացման ցուցումներին, լրացնել այն և տպված ու ամեն էջը ստորագրված տարբերակով ներկայացնել Դատական դեպարտամենտին, իսկ դրա էլեկտրոնային ֆայլն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: Հարցաթերթիկը լրացնելու հետ կապված հարցեր առաջանալու դեպքում կարող եք զանգել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով 012-77-77-28 հեռախոսահամարով):

Օրենսգրքի 132-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված անձը դիմումին կցում է սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձը՝ նաև նշված պաշտոնում նախկինում աշխատած լինելու վերաբերյալ փաստաթղթերը:

Օրենսգրքի 132-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված անձինք դիմումին կցում են սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ 3-րդ կետի «ա» ենթակետում նշված անձը նաև՝ իրավագիտության բնագավառում գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև գիտական աշխատությունների և հրապարակումների ցանկը:

Վերը նշված չափորոշիչներին համապատասխանող անձինք պետք է անձամբ Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմին (հասցեն՝ ք. Երևան, Կորյունի 17) ներկայացնեն իրենց փաստաթղթերը:

Դիմումներն ընդունվում են մինչև 2022 թվականի հոկտեմբերի 12-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը՝ 09:00-ից 17:30-ը (ընդմիջման ժամ՝ 13:00-14:00):

Նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Դատական դեպարտամենտի Դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչության Դատավորների թեկնածուներին և առաջխաղացմանը վերաբերող հարցերի բաժինը (հասցեն՝ ք. Երևան, Կորյունի 17, հեռ.՝ (010) 511 816, 511 819):

Նմանատիպ նյութեր