211652_close_icon
views-count2037 դիտում article-date 12:00 27-01-2020

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի ազգային տոնին նվիրված միջոցառմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության օրվա 70-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: Միջոցառման շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալը միասին մասնակցել են Հնդկաստանին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությանը: Այնուհետեւ հանդիսավոր ընդունելության ընթացքում փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում մասնավորապես ասել է. «Ձերդ Գերազանցություն պարոն դեսպան, Տիկնայք եւ պարոնայք, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Հնդկաստանի կառավարությանը եւ բարեկամ հնդիկ ժողովրդին Հնդկաստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա 70-ամյա հոբելյանի կապակցությամբ: 70 տարի առաջ Հնդկաստանի ժողովուրդը սահմանադրորեն ամրագրեց իր ազգային ազատագրական պայքարի հաղթանակի արդյունքները։ Այսօր մենք ականատես ենք Հնդկաստանի նշանակալի առաջընթացին եւ նվաճումներին։Հնդկաստանի դինամիկ եւ կայուն զարգացումը տարբեր ոլորտներում իր ներդրումն է ունենում երկրի համապարփակ առաջընթացն ապահովելու գործում։ Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հաջողվել է պատմական խորը արմատներ ունեցող բարեկամական երկկողմ հարաբերությունները վերածել փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա հիմնված միջպետական ջերմ ու գործընկերային հարաբերությունների: Իհարկե, ակնհայտ է, որ դեռ շատ անելիքներ ունենք տարբեր ոլորտներում համագործակցության չօգտագործված ներուժն իրացնելու ուղղությամբ եւ կարծում եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք մեծ հաջողություններ գրանցել մեր երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Օգտվելով առիթից՝ թույլ տվեք մեր երախտիքի խոսքը հայտնել Հնդկաստանի կառավարությանը եւ հնդիկ ժողովրդին՝ Հնդկաստանում հարյուրամյակների պատմություն ունեցող հայ համայնքի եւ Հնդկաստանում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար: Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ մեկ անգամ եւս շնորհավորել Հանրապետության օրվա կապակցությամբ եւ մաղթել Հնդկաստանի բարեկամ ժողովրդին բարօրություն եւ բարգավաճում»:

Նմանատիպ նյութեր