211652_close_icon
views-count1419 դիտում article-date 15:18 21-01-2020

Մեկնարկել են փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման ծրագրի դասընթացները

Հունվարի 20-ին Երևանում մեկնարկել են «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում կազմակերպված ուսուցողական դասընթացները, որոնք վարում են «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամի մասնագետները: Դասընթացների ավարտին մասնակիցներին կտրամադրվեն համապատասխան հավաստագրեր: Ողջունելով դասընթացի մասնակիցներին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը համառոտ ներկայացրել է ծրագրի հիմնական դրույթները և հույս հայտնել, որ այն կունենա բարեհաջող ընթացք: Նրա խոսքով՝ նախարարությունն արդեն իսկ ստացել է ծրագրին մասնակցելու 46 հայտ հանրապետության բոլոր մարզերից, մասնակիցների թվում քիչ չեն նաև սկսնակ ֆերմերները: Դասընթացների տևողությունը 12 օր է. տասնօրյա տեսական դասընթացների ընթացքում ICARE հիմնադրամի ներկայացուցիչներն ապագա ջերմոցատերերին տեսական գիտելիքներ կփոխանցեն գրունտային և հիդրոպոնիկ ջերմատների շահագործման հիմունքների, ջերմատնային հիմնական մշակաբույսերի մշակության տեխնոլոգիաների և հարակից այլ թեմաների վերաբերյալ: Եվս 2 օր նախատեսված է գործնական պարապմունքների համար, որոնց ժամանակ մասնակիցները տեղում կծանոթանան ժամանակակից ջերմոցային տնտեսություննների գործունեությանը, ջերմատան կառավարման համակարգերին և ջերմատան պայմաններում մշակաբույսերի մշակությանը: Դասընթացների անցկացման համար ICARE հիմնադրամի ընտրությունը պայմանավորված է ջերմատնային տնտեսությունների կառավարման ոլորտում մասնագետների դասավանդման հարուստ փորձով: «Այս ծրագրում մենք հիմնական շեշտը դրել ենք փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների կառուցման վրա, քանի որ մեր ռազմավարության հիմնական թիրախը փոքր և միջին գյուղացիական տնտեսություններն են», - նշել է Իռա Փանոսյանը: Նա հավելել է, որ ծրագրի շրջանակում կազմակերպվող դասընթացները կրում են ոչ միայն ուսուցողական բնույթ, այլև միտված են կապ հաստատել մասնագետների և ոլորտում գործունեություն ծավալող ֆերմերների միջև, որպեսզի անհրաժեշտության դեպքում վերջիններս կարողանան ստանալ մասնագիտական խորհրդատվություն: Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման ծրագրի նպատակն է փոքր և միջին ջերմատների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության միջոցով ավելացնել ջերմատնային տնտեսությունների մակերեսն ու արտադրության ծավալները, բարձրացնել արտադրանքի մրցունակության մակարդակը, նպաստել գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։

Նմանատիպ նյութեր