211652_close_icon
views-count2287 դիտում article-date 13:42 18-01-2020

Ադրբեջանից արտաքսված և Արցախում ապաստան գտած մարդիկ այդպես էլ միջազգային կարգավիճակ չեն ստացել,. Աշոտ Ղուլյանի խոսքը ՀՀ ԱԺ և ԱՀ ԱԺմիջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության գրեթե 24-ամյա պատմության մեջ այսօրվա նիստը հատուկ է իր օրակարգով, իր նշանակությամբ, համահայկական կարևորության հարցերում համատեղ դիրքորոշմամբ հանդես գալու և համակարգված քաղաքականություն առաջ մղելու գործնական դրսևորմամբ: Մեկ ամիս առաջ Ստեփանակերտում տեղի ունեցած միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստում մենք քննարկել ենք 1990 թվականի հունվարի 13-19-ը Բաքվի հայ բնակչության ջարդերի վերաբերյալ քննարկումների կազմակերպման ձևաչափը: Կարծում եմ, այս առումով, համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ նիստը արդյունավետ հարթակ է այդ իրադարձությունները տարբեր դիտանկյուններից ներկայացնելու և երկու խորհրդարանների դիրքորոշումները համադրելու համար: Ուստի Արցախի Հանրապետության խորհրդարանի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ պարոն Արարատ Միրզոյանին և խորհրդարանի մեր բոլոր գործընկերներին այս կարևոր օրակարգով երկու օրենսդիր մարմինների համատեղ նիստը կազմակերպելու համար: Հարգելի ներկաներ, Մեր ժողովրդի պատմության մեջ որքան նշանակալի են փառահեղ հաղթանակները, նույնչափ կարևոր են հիշատակի և ոգեկոչման արժանի էջերը: Դա մեր պատմության անբաժանելի մասն է, որ գուցե հաճախ հետևանք է եղել մեր անկեղծ դրացիության, հարևանի հանդեպ լիակատար վստահության և մարդասիրության: 30-ամյա հեռավորությունից կատարված ոճիրի անցքերը ուսումնասիրելիս՝ մի պարզ և մարդկային հարց է առաջանում. ինչպե՞ս կարող էր նույն ժողովուրդը երեք անգամ ջարդի ենթարկվել մի քաղաքում, որի հիմնաքարերը իր ձեռքով է դրել: Եվ պատասխանը մեկն է. ստեղծագործ և արարող հայը չի սպանել իր մեջ մարդասիրությունը, չի լքել իր ժառանգությունը՝ ամեն անգամ հաղթահարելով իրեն հասցված ցավը: Այն, ինչ տեղի է ունեցել 1990 թվականի հունվարին Բաքվում, հանցագործություն է մարդկության դեմ՝ կազմակերպված և իրագործված հարևան պետության իշխանությունների կողմից: Մեկ շաբաթ շարունակ Բաքվի հայությունը իրենց բնակարաններում, աշխատանքի վայրում, կրթական և այլ հաստատություններում ենթարկվել է նվաստացման, խոշտանգումների և ջարդի, որի արդյունքում հարյուրավոր մարդիկ զոհվել են, իսկ հազարավորները՝ տեղահանվել և արտաքսվել: Այն, որ տեղի ունեցածը ամեն կերպ կոծկվելու էր հարևան երկրի իշխանությունների կողմից, պարզ էր հենց ամենասկզբից: Այդ գործողությունները մաս էին կազմում 1988 թվականին ազատության համար պայքարի ելած Արցախի հայությանը ճնշելու ամբողջական քաղաքականության, որ դրսևորվել է 1988 թվականի փետրվարին Սումգայիթում, նոյեմբերին՝ Գանձակ-Կիրովաբադում, 1990 թվականին՝ Բաքվում: Ցավալի է, որ 30 տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է իր անցյալի հանդեպ պատասխանատվությունից խուսափելու վարքագիծը՝ հունվարյան դաժան օրերի սլաքները այլ ուղղությամբ տանելու և իրեն որպես զոհ ներկայացնելու միջոցով: Հայատյացությունը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական քաղաքականության գերակայություն՝ արտահայտվելով անգամ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի բնագավառներում: Վերջին օրերին մենք ականատես եղանք դրա հերթական դրսևորմանը, երբ ադրբեջանցի երգիչը հրաժարվեց նույն բեմ դուրս գալ հայ երգչուհու հետ: Ի՞նչ է սա, եթե ոչ ուղորդված և պետականորեն հովանավորվող այլատյաց քաղաքականության արդյունք: Բաքուն միջմշակութային մայրաքաղաք ներկայացնելու համառ ջանքերի ֆոնին միևնույն ժամանակ խլացվում են հայերի և այլ ազգերի ժառանգություն հանդիսացող մշակութային կոթողները: Պատահական չէ, որ 1990թ-ի հունվարյան ողբերգական օրերի զոհերն էին ոչ միայն հարյուր հազարավոր հայեր, այլև Բաքվում գործող հայկական մշակութային արժեքները, որոնցից Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հրդեհվել է Բաքվի ջարդերից ընդամենը օրեր առաջ, իսկ հազարավոր խաչքարեր ու հայկական գերեզմաններ ուղղակի ոչնչացվել են: Հարգելի գործընկերներ 20-րդ դարավերջին տեղի ունեցած ոճիրը, թեպետ արձանագրվել և դատապարտվել է միջազգային հանրության կողմից, սակայն դրա կազմակերպիչներն ու իրագործողները որևէ իրավական պատասխանատվության չեն ենթարկվել: Մյուս կողմից Ադրբեջանից արտաքսված և Արցախում ապաստան գտած մարդիկ այդպես էլ միջազգային կարգավիճակ ու աջակցություն չեն ստացել, և պատերազմի շեմին կանգնած ու սուղ պայմաններում ապրող Արցախն էր, որ մայր հայրենիքի հետ միասին, իր ուսերին է վերցրել ադրբեջանահայությանը ընդունելու և կենսական պայմաններով ապահովելու պարտականությունը: Արցախի Հանրապետության Ազգային ժողովը մշտապես բարձրաձայնել է այս մասին, կոչ արել միջազգային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին և խորհրդարանական կառույցներին իրավական գնահատական տալ տեղի ունեցածին և կանխել Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հայատյաց քաղաքականությունը: Ինչպես նախորդ տարիներին, այսօր ևս մենք վերահաստատում ենք, որ Արցախի Հանրապետությունը հետևողական է լինելու Ադրբեջանի տարբեր բնակավայրերում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Վստահ եմ, որ համատեղ նիստի ընթացքում մեզ հաջողվելու է անդրադառնալ ոչ միայն 1990 թվականի հունվարյան ջարդերի բոլոր հանգամանքներին, այլև լսել այն մարդկանց, ովքեր վերապրել են այդ դաժան օրերը և մինչ օրս սպասում են արդարության վերականգնմանն ու հանցագործներին պատժելուն: Խոնարհվելով մեր անմեղ զոհերի հիշատակի առաջ՝ այսօրվա նիստի աշխատանքներին մաղթում եմ արդյունավետ ընթացք: Շնորհակալություն

Նմանատիպ նյութեր