211652_close_icon
views-count4318 դիտում article-date 12:10 18-01-2020

Ադրբեջանի հայատյացությունը դրսևորվել է նաև 21-րդ դարում. Բաքվի ջարդերի մասին ԱԺ նախագահի ելույթը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում 30 տարի առաջ տեղի ունեցած հայերի ջարդերին, նշեց, որ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունն իր դրսևորումներն է ունեցել նաև 21-րդ դարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանը հայտնեց հունվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում կազմակերպված Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի՝ Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված համատեղ հատուկ նիստի ընթացքում: «Ուղիղ երեսուն տարի առաջ խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում իշխանությունների ակնհայտ թողտվությամբ և աջակցությամբ տեղի ունեցան պատմությունից մեզ ցավալիորեն շատ ծանոթ իրադարձություններ՝ հայերի ջարդեր: Արկադի Ավանեսով, Սերգեյ Հարությունյան, Արուսյակ Մարկոսյան, Պետրոս Հարությունով, Սաթենիկ Սարգիսյան, Աննա Սարկիսովա, Մկրտիչ Պետրոսյան և տասնյակ ուրիշներ, ում սպանեցին: Հարյուրավոր այլ մարդիկ, որոնք անմարդկային խոշտանգումների ենթարկվեցին, հազարավորները ստիպված եղան լքել իրենց տները և կյանքը շարունակել փախստականի կարգավիճակում: Այս մարդիկ սպանվեցին, կտտանքների ենթարկվեցին, հալածանքների ենթարկվեցին միայն այն պատճառով, որ հայ էին: Նրանց միակ մեղավորությունը հայկական ազգային պատկանելություն ունենալն էր»,- ասաց Միրզոյանը: Ազգային ժողովի նախագահը նշեց, որ ջարդերից օրեր անց Հայաստանի Գերագույն խորհուրդն արդարացիորեն արձանագրել է, որ Բաքվի դեպքերը խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող շովինիստական քաղաքականության ակնհայտ դրսևորում էին: «Ճակատագրի հեգնանքով այս ջարդերը մուլտիկուլտուրալիզմի կենտրոն հռչակված Բաքվում արդեն երրորդն էին միայն 20-րդ դարի ընթացքում: Նույն իրադարձությունները, նույն ձեռագրով, նույն քաղաքում եղել էին նաև 1905-ին և 1918-ին: 1990-ի այս ջարդերից չափազանց շատ կարճ ժամանակ առաջ ջարդեր էին տեղի ունեցել նաև Սումգայիթում և Կիրովաբադ (Գանձակում): Բաքվի ջարդերից շատ կարճ ժամանակ անց հայերի ջարդեր սկսվեցին Մարաղայում և այլուր»,- նշեց նա: Խորհրդարանի խոսնակը հավելեց, որ հայատյացության այդ քաղաքականությունն իր դրսևորումներն է ունեցել նաև 21-րդ դարում: Ադրբեջանական իշխանությունների կողմից հերոս հռչակվեց Ռամիլ Սաֆարով անունով մի անձ, որը կացնահարել էր քնած հայ զինվորին: 2016թ. ապրիլին Թալիշում դաժանաբար սպանվեցին քաղաքացիական անձինք: Նույն քաղաքականության վկայությունները կարող ենք գտնել Ադրբեջանում ամենուր՝ դպրոցական դասագրքերից մինչև այդ երկրի նախագահի հայտարարություններ, որոնցում ողջ հայ ազգը հայտարարվում է Ադրբեջանի ժողովրդի՝ ոչնչացման ենթակա թշնամի: Բաքվի ջարդերը ադրբեջանական իշխանությունների կողմից վարած երկարատև հակահայ քաղաքականության մի մասն էին միայն: Սառցաբեկորի առավել տեսանելի մասը: Դրանց նախորդել էին դեռևս 80-ականներից սկսված հստակ կազմակերպված քայլերը՝ առավելապես սոցիալական, մշակութային, կրթական, որոնք ստիպում էին հայերին լքել իրենց տները և հեռանալ Բաքվից: Ինչի արդյունքում արդեն իսկ այդ պահին էականորեն նվազել էր Բաքվի հայ բնակչության թիվը»,- ասաց Միրզոյանը: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն իր ելույթում նաև շնորհակալություն հայտնեց այն ադրբեջանցիներին, ովքեր, չնայած Ադրբեջանի իշխանությունների այդ օրերին վարած քաղաքականությանը, օգնեցին հայերին՝ խուսափելու մահից: «Այսօրվա նիստում մենք կլսենք երկու հայկական պետությունների խորհրդարանականների, Մարդու իրավունքների պաշտպանների և այդ մեծ ողբերգությունը վերապրածների ելույթները: Ուզում եմ նշել, որ, չնայած Ադրբեջանի իշխանությունների այդ օրերին վարած քաղաքականությանը, Բաքվում գտնվեցին ադրբեջանցիներ, ովքեր օգնեցին հայերին՝ խուսափելու մահից: Ես ցանկանում եմ սրտանց, անկեղծ շնորհակալություն հայտնել այս անհատներին, և կոչ անել, որ իրենք նույնպես բարձրաձայնեն այս ջարդերի մասին իրենց հուշերը»,- նշեց ԱԺ նախագահը:

Նմանատիպ նյութեր